Արժույթի միջազգային հիմնադրամը փոխել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ նախկինում հնչեցված կանխատեսումը: Եթե նախկինում 2015թ. համար կանխատեսում էին 1 տոկոսով տնտեսական անկում, ապա հիմա ԱՄՀ-համարում է, որ 2015թ. ՀՆԱ-ն կլինի 2014-ին համարժեք: Այս մասին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանի համար տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Թերեզա Սանչեսը: Սակայն նա նշել է, որ այս կանխատեսման մեջ ևս անորոշություններ կան, և վերջնական կանխատեսումը կլինի սեպտեմբերին: Սանչեսը կանխատեսումների փոփոխությունը բացատրել է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի փոփոխությամբ:
ԱՄՀ –ն կարծում է, որ Հայաստանը պետք է ունենա ավելի դինամիկ տնտեսություն, իսկ դրա համար պետք է տնտեսական գործունեություն ծավալելու ավելի մեծ ազատություն, մրցակցության հնարավորությունների ընդլայնում, ավելի արդար և վստահելի դատական համակարգ, որի միջոցով տնտեսվարողները կկարողանան կարգավորել իրենց խնդիրները: ԱՄՀ ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, խոսում են տնտեսական մրցակցության բացակայությունից:
Ավելացնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմայանը վստահ է, որ 2015 թվականին կառավարությունը կարող է ապահովել 4,1 տոկոս տնտեսական աճ: