Չնայած միջազգային հանրության և ադրբեջանական ընդդիմության կոչերին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատությունը, ադրբեջանական իշխանությունները շարունակում են ընդդիմադիր գործիչների և լրագրողների հետապնդումները և ձերբակալությունները: Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխանությունները ձերբակալել են ևս մեկ ընդդիմադիր լրագրողի՝ Էլչին Իսմաիլլին: Այս մասին «Азадлыг» թերթին հայտնել են լրագրողի բարեկամները, ովքեր նշել են, որ ոստիկանությունն իրենց չի բացատրել ձերբակալության պատճառը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ադրբեջանական ժամը» ինտերնետային պարբերականի աշխատակից Էլչին Իսմաիլիին հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մարտի սկզբին լրագրողի դեմ դատական գործ էր հարուցվել երկու քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու համար, ինչը լրագրողը կտրականապես հերքում էր: «Ադրբեջանական ժամը» պարբերականը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված իր քննադատական հաղորդումներով: Ավելի վաղ խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էր ինտերնետային ալիքի հաղորդավար Սեյմուր Խազին:
Հատկանշական է, որ ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրներին, նշում են, որ լրագրողին արդեն այսօր ազատ կարձակեն: Չնայած նման որևէ երաշխիք չկա, այնուամենայնիվ տրամաբանական է, որ Եվրոպական խաղերի նախաշեմին ևս մեկ աղմկահարույց դեպք ադրբեջանական իշխանություններին հարկավոր չէ:
Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի վրա՝ կապված հունիսին կայանալիք առաջին Եվրոպական խաղերի հետ: Սակայն Բաքվին չհաջողվեց այդ իրադարձությունը ծրագրվածի պես օգտագործել Եվրոպային որպես «ժողովրդավարական, ազատ և առաջադեմ երկիր» ներկայանալու համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային հանրությունն Ադրբեջանին հիմնականում հիշում է որպես երկիր, որտեղ պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Այսպես, Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակի վատացման և վերջիններիս մի զգալի մասի ճաղերի հետևում հայտնվելու և հետապնդումների ենթարկվելու մասին նշվեց նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեի՝ օրերս հրապարակված հատուկ զեկույցում: Այն մասնավորապես կոչ է անում ադրբեջանական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները:
Նման կոչեր առաջին անգամ չէ, որ հնչում են, իսկ ադրբեջանական իշխանությունները էլ անտեսում են դրանք: Լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների համատեքստում կարելի է առանձնացնել հատկապես լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Ալիևի վարչակազմը լրագրողին մեղադրում է զրպարտության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Բացի այդ, փորձում են նրա անվան հետ կապել ոմն Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը: Իսմայելովայի փաստաբանն ու իրավապաշտպանները պնդում են, որ որևէ օրինական հիմք չկա մեղադրանքները հիմնավորելու համար: Չնայած այդ ամենին՝ նա դեռևս գտնվում է ճաղերի հետևում: Նշենք նաև, որ մայիսի 30-ին Բաքվում կայացած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդներից մեկ հայտնեց Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալի մասին: