ԼՂՀ Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

16:35     3 հունիսի, 2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ, հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և ընդգծել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

Երկրի ղեկավարը նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am