Հայ-կիպրական ռազմական համագործակցության ոլորտում մինչ օրս գրանցած առաջընթացը պետք է համարել ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից մեկը: Այս համատեքստում կարևոր էր Կիպրոսի հանրապետության պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի՝ ՀՀ վերջին այցը և այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, որոնք նոր թափ հաղորդեցին երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը:
Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը նշանավորվեց 2015թ.-ին Համագործակցության պլանի ստորագրմամբ, որը ներառում է համագործակցություն ուսումնական, վարժական, փորձագիտական ոլորտներում: Հանդիպման ժամանակ կարևորվեց նաև կողմերի հանձնառությունը հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստեղծված միջպետական կառավարական հանձնաժողովի մոտակա նիստի ժամանակ էլ ավելի հստակեցնել համագործակցության շրջանակները:
Այցի ընթացքում Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին հանդես եկավ առաջարկով. վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ, ինչն արժանացավ հայկական կողմի հավանությանը:
Ի հավելումն վերը նշված ձեռքբերումների՝ հայ-կիպրական ռազմական համագործակցության կարևորությունն էլ ավելի լավ պատկերացնելու համար արժե այն դիտարկել հետևյալ համատեքստում:
Թուրքիայի կողմից մինչև օրս Հայաստանի հանդեպ շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը, որի վառ ապացույցն է 21-րդ դարում հայ-թուրքական փակ սահմանը, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների վարած ակնհայտ հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև փաստը, որ Թուրքիան որևէ կերպ չի ցանկանում պատասխանատվություն կրել իր նախնիների՝ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության համար, գալիս է փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս չի կարող ունենալ որևէ երաշխիք, որ ապագայում ևս մեկ անգամ չի դառնա Թուրքիայի ագրեսիայի զոհ: Այս սպառնալիքն էլ ավելի առարկայական է դառնում, երբ դիտարկում ենք Ղարաբաղյան հակամարտության ներքո Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը և նրա ջանքերը՝ ամեն կերպ աջակցել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը:
Ելնելով այս տրամաբանությունից՝ Հայաստանի Հանարապետության համար կարևոր է դառնում քայլեր ձեռնարկել՝ ամեն կերպ ապահովելու սեփական անվտանգությունը Թուրքիայի կողմից ապագա հնարավոր ագրեսիայի դեպքում: Այս համատեքստում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև, որը նույնպես հանդիսանում է Թուրքիայի ագրեսիայի զոհ, ռազմական համագործակցության խորացումը և փոխադարձ աջակցության նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կարևոր քայլ համարել: