«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ընտրությունների ընթացքը:
- Կարծում եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր էին մի շարք պատճառներով: Առաջին անգամ՝ 1999 թվականից սկսած, Թուրքիան ունենալու է կոալիցիոն կառավարություն: Սա էականորեն փոխելու է իշխող կուսակցության առաջնահերթությունները: Տարիներ շարունակ Էրդողանը հավատում էր, որ եղել է միակն ու անկրկնելին ողջ Թուրքիայի տարածքում, հետևաբար, նա ղեկավարում էր երկիրն այնպես, ինչպես ցանկանում էր: Այն, ինչ պատահեց երեկ կարելի է անվանել անվստահության քվե: Թուրք հասարակությունը՝ մոտ յոթ միլիոն մարդ, դեմ են քվեարկել Էրդողանի քաղաքական հավակնություններին:
Իհարկե, Թուրքիայի բոլոր կուսակցությունները, շարժումները սրանից դաս կքաղեն, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում զգալի հետևանքներ է թողնելու ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ դրանից դուրս: Նոր քաղաքական ասպարեզ է զարգանում Թուրքիայում: Քրդերի Ժողովրդա- դեմոկրատական կուսակցությունը դառնալու է ողջ գործընթացի հիմնական խաղացող: Նրանք այժմ լավ դիրքերում են գտնվում՝ բարձրաձայնելու այն հարցերը, որոնք նախկինում չէին կարողանում առաջ մղել Թուրքիայի խորհրդարանում ունեցած իրենց սահմանափակումների պատճառով: Այժմ նրանք ներկայացված են Թուրքիայի խորհրդարանում, որպես մեկ միասնական քաղաքական կուսակցություն և պատրաստ են միավորել քաղաքական ուժերը բարձրաձայնելու այնպիսի հարցեր, որոնք նախկինում Թուրքիայի օրենսդիր մարմինը հաշվի չի առել:
- Հայ համայնքի երեք ներկայացուցիչներ ընտրվել են Թուրքիայի խորհրդարանում: Արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ երկրի քաղաքական դաշտում արդեն իսկ տեղի են ունեցել փոփոխություններ, և ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում:
- Իմ մոտեցումն այս հարցի վերաբերյալ տարբերվում է: Այս նորընտիր հայ պատգամավորները Թուրքիայի քաղաքացիներ են, բացի այդ, նրանք համապատասխան քաղաքական կուսակցությունների անդամներ են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք պետք է զարգացնենք նոր ռազմավարություն՝ նրանց հետ աշխատանքներ տանելու համար: Բոլոր այդ պատգամավորները, իհարկե, շատ կարևոր անդամներ են իրենց համայնքների ներսում. նրանցից ոմանք շատ երիտասարդ են, եռանդուն և լավ գիտակցում են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները: Միևնույն ժամանակ, նրանք իրենց քաղաքական կուսակցությունների անբաժանելի մասն են կազմում:
Մարգար Եսայանն ակտիվորեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ: Կարո Պալյանը պատկանում է քրդերի կուսակցությանը և կարծես թե ձախակողմյան գաղափարների կողմնակից է: Սելինա Դոգանը՝ երիտասարդ փաստաբան, կրթված անձնավորություն է թվում. նա նաև հայերեն գիտի:
Ամփոփելով պետք է փաստել, որ սա լավ սկիզբ է: Այնուամենայնիվ, մենք չպետք է շատ ոգևորվենք: Փոխարենը, մենք պետք է արագ կողմնորոշվենք, թե ինչպիսի աշխատանքներ պետք է տանենք նրանց հետ:
Ես չեմ կարծում, որ նրանց գործողություններում կլինեն էական փոփոխություններ՝ հատկապես Մարգար Եսայանի պարագայում: Սակայն մյուս երկու հայ պատգամավորները, որոնք ներկայացնում են ընդդիմությունը, կարող են հանդես գալ հետաքրքիր գաղափարներով, որոնք, հնարավոր է, ունենան իրենց ազդեցությունը հայկական հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշման վրա: