ԽԱՉԸ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է

17:26     10 սեպտեմբերի, 2010

      Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը տոնում է հինգերորդ` վերջին տաղավար տոնը, որը մեր սուրբ հայրերը նվիրել են խաչին` կոչելով Խաչվերաց: Խաչվերացը նաեւ Հայ եկեղեցու խաչի չորս տոներից մեկն է, որն ունի նավակատիք` ութնօրյա հանդիսությամբ: Այն խաչին նվիրված տոներից ամենահինն է եւ իր պատմական սկզբնավորմամբ հասնում է մինչեւ քրիստոնեության ակունքները` մինչեւ Հակոբոս Տյառնեղբայր:
      Պատմությունը մեզ հիշեցնում է, որ Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, մկրտվելով Պետրոս առաքյալի ձեռքով, նրա իսկ խորհրդով իր զավակների հետ գնում է Երուսաղեմ` սուրբ վայրերը տեսնելու: Այնտեղ հանդիպում է Հակոբոս Տյառնեղբորը, ով Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր: Հարցնում է Տիրոջ խաչափայտի մասին եւ իմանում, որ հրեաներն այն թաքցրել են Քրիստոսի գերեզմանում եւ ծածկել հողով, որպեսզի թաքցնեն խաչի` հրաշքներ գործելու կարողությունը:
      Կայսրուհու հրամանով բացում են գերեզմանը եւ գտնում խաչափայտերը: Մինչ կմտածեին, թե որն է փրկչական խաչը,
 
կայսրուհու դուստրը հանկարծամահ է լինում: Կայսրուհու որդին հորդորում է, թե դա աստվածային նախախնամությամբ եղավ, որպեսզի իմանան, թե որն է Փրկչի Խաչափայտը: Հետեւելով հորդորին` նրանք խաչափայտերը հաջորդաբար դնում են աղջկա վրա եւ աղոթում: Առաջինի ժամանակ ոչինչ չի փոխվում, երկրորդի դեպքում կենդանության նշաններ են երեւում, իսկ երրորդի ժամանակ աղջիկը կենդանանում է:
      Հակոբոս Տյառնեղբայրը Խաչը դնում է տաճարում եւ ամեն տարի Ծաղկազարդից Սուրբ Խաչի տոնն ընկած ժամանակամիջոցում (որն այն ժամանակ հաստատված էր սեպտեմբերի 14-ին), ամեն կիրակի` առավոտյան եւ երեկոյան, դուրս է հանում ու բարձրացնում` ի տես ժողովրդի:
      Խաչի տոնից հետո Սուրբ Նշանը դրվում է սրբավայրում` մինչեւ Ծաղկազարդ:
      Փառավորության հաջորդ պատճառը խաչի վերադարձն է:
      614թ.-ին պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ Պարսից Խոսրով Շահը գրավում է Երուսաղեմը, բազմաթիվ գերիների ու ռազմավարի հետ գերեվարում է Քրիստոսի Խաչափայտը: Տիրոջ Խաչը հասցվում է Պարսկաստան, որտեղ տեղաբնակները մեծ երկյուղածությամբ են վերաբերում Խաչին` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել:
      682թ. Հերակլ կայսրը մեծաթիվ բանակով շարժվում է Պարսկաստան: Կայսեր զորքին է միանում նաեւ հայոց բանակը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Պարտության են մատնում Խոսրով Շահին եւ գերությունից ազատում Քրիստոսի Խաչափայտը: Այն մեծ փառքով ու պատվով, հանդիսավոր թափորով փոխադրվում է Հայոց Կարին քաղաքը, այնտեղից` Կ. Պոլիս, որտեղ երեք տարի մնալուց հետո սեպտեմբերի 14-ին տարվում է Երուսաղեմ, բարձրացվում Գողգոթայի գագաթը եւ դրվում Սուրբ հարություն տաճարում` իր նախկին տեղում: Այդ ժամանակվանից հաստատվում եւ մեծ հանդիսավորությամբ տոնվում է Խաչի բարձրացման հիշատակը:
      Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր եւ անդաստան: Նախքան արարողությունը` Խաչի մասունքը կրող ճաճանչը զարդարվում է ռեհանով ու ծաղիկներով: Այնուհետեւ շարականների երգեցողությամբ Սուրբ Նշանը դուրս է բերվում եկեղեցուց, եւ թափորապետ հոգեւորականը, բարձրացնելով Սուրբ Նշանը, օրհնում է երկրի չորս կողմերը: Անադաստանից հետո նորից մտնում են եկեղեցի եւ երգում "Խաչի Քո Քրիստոս..." շարականը: Այնուհետեւ սկսվում է երեկոյան ժամերգությունը, որից հետո ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են մասնակից ժողովրդին:
      Խաչի խորհուրդը խորհուրդ է բոլոր նրանց համար, ովքեր հավատքով են մոտենում նրան, ովքեր հավատում են Խաչի զորությանը: Իսկ Խաչը սուրբ է եւ զորավոր:
      Խաչի խորհուրդը մեծ է, քանի որ Քրիստոս Իր Արյունը թափեց Խաչի վրա` մարդկանց մեղքերը քավելու համար: Խաչը, որ հնում գործածվում էր իբրեւ պատժի եւ անարգանքի գործիք, այժմ դարձել է փրկագործության, կյանքի եւ մահվան դեմ հաղթանակի խորհրդանիշ:
Սակայն առավել քան տիրական է Տերունական Սուրբ Խաչը` իբրեւ փրկության միջոց, իբրեւ մահվան պարտությունն ազդարարող նշան:
      Ըստ Գրիգոր Տաթեւացու, Խաչը դարձավ երկնքի եւ երկրի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը, "դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը` որպես ժառանգություն, տվողը": Խաչի վեր բարձրացումով մեկ անգամ եւս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժողքի եւ բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ Խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում եւ զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:
      Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ "Սըրբխեչը" աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց` տոնը լիարժեք չի կարող լինել:
      Շատ տեղերում Խաչվերացն ընկալում են որպես աշնանամուտ:
      Ինչպես բոլոր տաղավար տոներին, Խաչվերացին հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

"Արմեդիա" ՏՎԳ
10.09.2010


© armedia.am