Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 19-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով: Բացման հանդիսավորարարողության ժամանակ մեր Եռագույնը կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Եվրոպական խաղերին մասնակցող հայկական պատվիրակության մեջ ընդգրկված են 23 մարզիկներ, ովքեր, կախված մրցումների ժամանակացույցից, առանձին խմբերով կմեկնեն Բաքու: Առաջինը ելույթ կունենան հունահռոմեական ըմբշամարտիկները:
Նշենք, որ հայ մարզիկների՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու հարցը բավականին երկար ժամանակ քննարկումների առարկա էր դարձել: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն Հայաստան այցելության ժամանակ հավաստիացրել է, որ ադրբեջանական իշխանությունները երաշխավորում են հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում: Նմանատիպ բազմաթիվ երաշխիքների արդյունքում հայկական կողմը որոշեց մասնակցել Եվրոպական խաղերին: Պատրիկ Հիկեն այս կապակցությամբ հայտարարել էր, որ սպորտը հաղթեց քաղաքականությանը:
Այսօր Եվրոպական առաջին խաղերի բացմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար, Եվրոպական խաղերի Օպերացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը ևս մեկ անգամ հավաստել է հայ մարզիկների անվտանգությունը ապահովելու Բաքվի հանձնառությունը, հայտնում է Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Միջազգային միջոցառումների կարգավիճակը նախատեսում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Դրա հետ կապված՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ: Կա նամակ, որը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, և դա բավական է»,- նշել է Ռահիմովը՝ հավելելով, որ «Բաքվում Եվրոպական առաջին խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցելը նմանատիպ առաջին դեպքը չէ»:
Հայկական պատվիրակության անվտանգությունը Բաքվում պետական մակարդակով ապահովելու մասին հավաստում է նաև հայկական պատվիրակությունը: Այսպես, news.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության մամլո խոսնակ Կարեն Գիլոյանը նշել է, որ հայ մարզիկների անվտանգությունն ապահովված է, և անհանգստանալու կարիք չկա:
Չնայած պաշտոնական Բաքվի անվտանգության երաշխիքներին՝ ավելի վաղ հայկական պատվիրակության հասցեին հնչեցվել էին սպառնալիքներ: Ադրբեջանցիներին հատկապես վրդովեցրել էր, այն փաստը, որ Բաքուն՝ այլ պատվիրակությունների մասնակցության ծախսերի հետ միասին, հոգալու է նաև հայկական պատվիրակության ծախսերը: Սակայն նշենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կտրականապես հրաժարվել է Բաքվի ֆինանսական աջակցությունից: Այնուամենայնիվ, բացառել հակահայկական ելույթներ, նախաձեռնություններ՝ հատկապես հայ մարզիկների ելույթի ժամանակ չարժե: Մեր հարևանները վաղուց արդեն ցույց են տվել իրենց ոչ քաղաքակիրթ լինելու ազգային գիծը:
Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:
Թաեքվոնդո
Արման Երեմյան (80 կգ)
Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան
Հրաձգություն
Մրցելույթները ` հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան
Սամբո
Մրցելույթները` հունիսի 22-ին
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան, Վիկտորյա Լավրենովա
Ձյուդո
Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան
Բռնցքամարտ
Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին
Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով
Ազատ ըմբշամարտ
Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդադյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան
Հունահռոմեական ըմբշամարտ
Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան: