Նախորդ շաբաթ առանձնակի ակտիվություն նկատվեց հայ-իրանական հարաբերություններում: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները տարբեր ձևաչափերում ունեցան մի շարք երկկողմ հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում շոշափված թեմաների վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քննարկված երկկողմ համագործակցության ոլորտների ընտրությունն ինքնանպատակ չէր և ելնելով ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հետապնդում էր կոնկրետ երկարաժամկետ նպատակներ՝ ուղղված Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը տարածաշրջանային համատեքստում:
Այս տեսակետից պատահական չէր այն, որ քննարկումների ժամանակ հիմնական շեշտադրումը դրվեց համագործակցության այնպիսի առանցքային ոլորտներրի վրա, ինչպես օրինակ սահմանային և տրանսպորտային, էներգետիկ, առևտրատնտեսական համագործակցությունը: Նշված ոլորտներում համագործակցության հետագա խորացումն էլ ավելի արդիական է դառնում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հեռանկարի և Իրան-ԵԱՏՄ համագործակցության հետագա ծրագրերի համատեքստում, որտեղ Հայաստանը կարող է ունենալ իր կարևոր դերը, որպես երկիր, որը Իրանի հետ ունի համագործակցության հարուստ և երկարամյա փորձ:
Փոխադարձ պաշտոնական հանդիպումների համատեքստում մյուս կարևոր դրույթը, որ պետք է արձանագրել, անդրադարձն էր երկու երկրների միջև համագործակցությանը միջազգային հարթակներում: Այն կարևոր է նրանով, որ կողմերին թույլ կտա ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ միջազգային կազմակերպություններում պաշտպանելու միմյանց շահերը` մեկմեկու համար կարևոր հարցերի քվերակության ժամանակ միմյանց աջակցելով, կամ առնվազն միմյանց դեմ չքվեարկելով:
Եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ այս փուլում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը խոսում է այն մասին, որ կա երկուստեք գիտակցում համագործակցությունը խորացնելու և ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտության և կարևորության մասին: Եվ փաստը, որ երկկողմ հարաբերություններում արդեն ակտիվություն է նկատում, գալիս է ապացուցելու, որ կողմերը չեն բավարարվում միայն առկա գիտակցումով, այլ փորձում են ստեղծել առարկայական հիմք երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների համար: