Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խորհրդարանների հետ համագործակցող ՆԱՏՕ-ի Rose-Roth ծրագիրը մեկնարկել է 1991 թվականին` կոնգրեսմեն Չարլի Ռոուզի և սենատոր Բիլլ Ռոթի նախաձեռնությամբ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու անցումային փուլում գտնվող այն երկրներին, որոնք դժվարին քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ են իրականացնում: Տարիների ընթացքում Rose-Roth-ը կենտրոնացել է հատկապես Բալկանների և մեր տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա:
Տարին երկուսից չորս անգամ ՆԱՏՕ-ն կազմակերպում է այս սեմինարն իրեն չանդամակցող երկրներից որևէ մեկում և քննարկում անվտանգության հետ կապված արդի խնդիրներն ու մարտահրավերները:
Բացի ՆԱՏՕ-ից, այս ծրագիրն իր մեկնարկից ի վեր հսկայական ֆինանսական օգնություն է ստացել նաև այլ կառույցներից, ինչպիսիք են US AID-ը, շվեյցարական կառավարությունը, Նորվեգիայի, Դանիայի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները:
Այս տարի սեմինարն անցկացվելու է հունիսի 18-20-ը Երևանում, և , ինչպես նշել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը, աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների աշխարհագրության, թե՛ նրանց քանակի առումով։
«Բնականաբար քննարկվելու են անվտանգության խնդիրները. առաջնային հարցերից կլինի ղարաբաղյան հակամարտությունը, Մերձավոր Արևելքում ընդհանուր իրավիճակը և այլն», - նշել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն անհայտ պատճառներով հրաժարվել է սեմինարին մասնակցելուց:
Իսկ ահա անցած տարի, երբ այս նույն միջոցառումը Բաքվում էր անցկացվում, մեր պատգամավորները և փորձագետները` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մասնակցել էին դրան:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարն առաջին անգամը չէ, որ Հայաստանում է տեղի ունենում: 2005 և 2010 թվականներին ևս ՀՀ Ազգային Ժողովը Երևանում կազմակերպել է այս միջոցառումը: Իսկ 2015 թվականի հաջորդ սեմինարը` թվով երրորդն այս տարի, կկայանա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբեր ամսին: