Բուշն ընդդեմ Քլինթոնի

15:54     16 հունիսի, 2015

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպն այսօր պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամպի՝ Twitter-ում կատարած գրառումը: Նա իր թեկնածությունը կառաջադրի հանրապետական կուսակցությունից:

Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրություններում պայքարում են ևս 10 ներկայացուցիչ՝  սենատորներ Թեդ Կրուզը, Ռենդ Պոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզանսի նախկին նահանգապետ Մայք Հակաբին, նյարդավիրաբույժ Բեն Կորսոն, Փենսիլվանիա նահանգից սենատոր Ռիկ Սանտորումը, Hewlett-Packard կազմակերպության նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան: Հնարավոր թեկնածուներ են համարվում Ֆլորիդայից պահպանողական Մարկո Ռուբիոն և դեռևս մրցավազքի մեջ չմտած Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը:

Սակայն հարկ է նշել, որ նախօրեին Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի՝ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց հետո փորձագետները վստահ են, որ հենց նա է 2016 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ներկայացնելու Հանրապետական կուսակցությունը: Ջեբ Բուշը ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին և 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրն է: Սակայն նա նախընտրական քարոզարշավում նախընտրում է ներկայանալ որպես ուղղակի Ջեբ, առանց ազգանվան՝ խուսափելու համար իր եղբոր՝ Ջորջ Բուշի հետ զուգահեռներից: Ավելի վաղ CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ նա նշել էր, որ ինքը չի հանդիսանում իր եղբոր կրկնօրինակը և խնդրել էր ընտրողներին չշփոթել իրեն նրա հետ:

Ջեբ Բուշն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Օբամայի վարչակազմի խիստ քննադատությամբ՝ խոստանալով ամերիկացիներին, որ իր նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը դադարելու է լինել «խնդիրների սկզբնաղբյուր»:

Հանրապետականների կողմից Ջեբ Բուշի առաջադրվելու դեպքում, ըստ վերլուծաբանների, նրա մրցակիցը լինելու է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Քլինթոնին իր աջակցությունն է հայտնել նաև գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման:

Նշենք, որ ի տարբերություն հանրապետականների՝ դեմոկրատների կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնել են ընդամենը երեք հոգի՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռոդ Այլկենդի նախկին նահանգապետ Լինկոլ Չեֆին և Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ’Մելին:

Ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2015 թվականի նոյեմբերին: 


© armedia.am