Քըրք Քրքորյանին վերջին հրաժեշտ կտան Լոս Անջելեսում

14:11     18 հունիսի, 2015

Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում` ընտանիքի և մոտ հարազատների նեղ միջավայրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն  ընտանիքի անդամները և մոտ հարազատները: Քըրք Քրքորյանը շատ չէր սիրում լինել հանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնել է Հարութ Սասունյանը:

98 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը:


© armedia.am