Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

18:58     18 հունիսի, 2015

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել էˋ պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին:

Բելգիացի պատգամավորը խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Ֆլամանադական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարևորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, և կարևոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաև որպես պետություն»,- նշել է նա: 


© armedia.am