Այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» քաղտնօրենների բանակցությունների հերթական փուլը: Օրվա ընթացքում կկայանան տարբեր ձևաչափերով հանդիպումներ: Նշենք, որ հունիսի 30-ի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության գալու վերջնաժամկետին ընդառաջ, կողմերը ինտենսիվացրել են բանակցությունների ընթացքը: Արդեն կայացել է «վեցյակի» երկրների արտգործնախարարների տեղակալների կոորդինացիոն հանդիպումը:
Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններում չլուծված են մնում 5-7 հարց: «Պահպանվում են բարդ ասպեկտներ, սակայն դրանք էականորեն ավելի քիչ են՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ: Չլուծված են մնում 5-7 հարց: Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբ հասնենք նման մակարդակի, ապա պետք է հանդիպեն նախարարները»,- ասել է փոխարտգործնախարարը:
Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տարաձայնությունների և հարցերի մասին է խոսքը: Ռյաբկովը հավանական է համարել, որ բանակցություններին մասնակից երկրների արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները Վիեննայում կմեկնարկեն հունիսի 25-ին: Ռյաբկովը համոզվածություն է հայտնել, որ «վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունները կավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանը կոչ էր արել կառավարությանը միջուկային ծրագրի շուրջ կնքել համաձայնագիր ոչ շուտ, քան ԱՄՆ-ը, ԵՄ և ՄԱԿ-ի Ավտանգության խորհուրդը ամբողջությամբ չեղյալ հայտարարի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նշենք, որ պատժամիջոցների վերացման ժամկետը շարունակում է մնալ կողմերի միջև տարաձայնությունների առարկա: Փորձագետները, սակայն, համոզված են, որ Իրանի խորհրդարանի այս հայտարարությունն ավելի շատ քաղաքական քայլ է և բանակցությունների ու իրանական կողմի դիրքորոշման վրա որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:
Ավելացնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը համաձայնության են եկել տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պատժամիջոցների վերացման ժամանակացույցի և Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների նկատմամբ ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից հսկողության իրականացման խնդրի շուրջ: