Մերձդնեստրը շրջափակման մե՞ջ

19:17     20 հունիսի, 2015

Չնայած լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե իբր Ռումինիան Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել մերձդնեստրյան տարածաշրջանում, Բուխարեստը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ ռազմական ջոկատ մտցնել այնտեղ:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն օրերս հայտարարել է, որ չճանաչված այս հանրապետության խնդրի լուծման խաղաղ կարգավորման կողմնակից է, և որ  Ռումինիայի զինված ուժերի տղաշարժման վերաբերյալ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ռումինիայի նախագահ Կլաուս Իոhաննիսն այս խնդրի հետ կապված ևս իր մտահոգությունն էր հայտնել` ասելով, որ ուկրաինական հակամարտության հետ կապված իրավիճակն այս տարածաշրջանում ավելի քան լարված է, և զորքերի տեղաշարժը լիովին կապակայունացնի տիրող մթնոլորտը:

«Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում մենք բանակցություններ ենք տանում «հինգ + երկու» ձևաչափով`(Մոլդովան, Մերձդնեստրը, Ուկրաինան, Ռուսաստանը, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ ու ԵՄ-ն` որպես դիտորդները), ինչը միակ հնարավորությունն է հակամարտության երկարատև կարգավորման համար` ինքնիշխանության սկզբունքը և միաժամանակ Մոլդովայի հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելով հանդերձ», - շեշտել է Իոհաննիսը:

Ինչ վերաբերում է Մերձդնեստրի չճանաչված հանրապետությանը, ապա դրա նախագահ Եվգենիյ Շեվչուկն իր կողմից հայտարարել է̦ որ Մոլդովան և Ուկրաինան պարբերաբար ահագնացող ճնշում են գործադրում իրենց վրա թե′ ռազմական ոլորտում, թե′ տնտեսական̦  թե′  տեղեկատվական դաշտում:

Դեպի Մերձդնեստր բոլոր մուտքերը և ելքերը փակելու դեպքում Ուկրաինան ևս հսկայական վնասներ կկրի, այդ թվում` ֆինանսական: Այս մասին փաստում են ոչ միայն ուկրաինական փորձագետները, այլև էկոնոմիկայի նախկին նախարարը, ով մասնավորապես նշել է, որ ուկրաինական նավահանգիստների գներր կտրուկ կընկնեն և կբարդանա դրանց սեփականաշնորհման գործընթացը, եթե մերձդնեստրյան հակամարտությունն էլ ավելի սրվի:

Ըստ մամուլի տեղեկությունների, Մերձդնեստրի շրջափակման հետ կապված «հիստերիա» է սկսվել հատկապես ռուսական կողմի մոտ: Այստեղ տեղակայված է բավական խոշոր ռուսական բազա և ռուսական կողմը խիստ անհանգստացած է իր զորքերի հետագա ճակատագրով, եթե այս շրջանն իրոք շրջափակման մեջ հայտնվի:


© armedia.am