Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր կստորագրի վերջինիս «Անթեյ-2500» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու մասին, տեղեկացնում է Коммерсантъ -ը՝ վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ անմիջապես այն բանից հետո, երբ Իրանը հետ վերցնի Մոսկվայի դեմ ժնևյան դատարան ներկայացրած հայցը:
2007 թվականին Իրանը և Ռուսաստանը պայմանագիր էին սորագրել Իրան С-300 ԶՀՀ-ներ մատակարարելու մասին՝ 800 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Սակայն 2010 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանին ծանր ռազմական տեխնիկա մատակարարելու էմբարգո հայտարարելուց հետո Մոսկվան չեղարկեց այս գործարքը: Ի պատասխան՝ Իրանը հայց ներկայացրեց Ժնևյան դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Այս տարվա ապրիլին՝ Իրանի և վեցնյակի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական համաձայնագրի ստորագրումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանեց Իրանին զենք՝ մասնավորապես С-300, վաճառելու արգելքը: Սակայն գործարքը չէր իրականացվում, քանի որ իրանական կողմը Ռուսաստանի դեմ հայցը պատրաստվում էր հետ կանչել միայն զենիթահրթիռային համալիրները ստանալուց հետո: Իսկ այս տարբերակը Մոսկվայի համար անընդունելի էր: Նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Մուրթազ Սարմադին հաստատել է, որ կողմերը բանակցում են դատական այդ հայցը հետ վերցնելու շուրջ: Սարմադին Sputnik գործակալությանը հայտնել է նաև, որ այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ «պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու և նոր գներ սահմանելու» շուրջ:
Коммерсантъ-ի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ իրանցի զինվորականներն արդեն իսկ նախնական համաձայնություն են տվել «Անթեյ-2500» ԶՀՀ-ների գնմանը: «Անթեյ-2500»-ը С-300В-ի արդիականացված տարբերակն է: Չի բացառում նաև, որ Ռուսաստանը կարող է Իրանին վաճառել С-400 «Տրիումֆ» նորագույն ԶՀՀ-ներ:
Գործարքի կյանքի կոչվելու դեպքում Իրանի օդային պաշտպանությունը զգալի կերպով կուժեղանա, ինչն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար կդժվարեցնի Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վերահսկողությունը: «Ռուսաստանի կողմից Իրանին նորագույն զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կփոխի ուժերի հարաբերակցությունը Պարսից ծոցում՝ դժվարեցնելով ամերիկյան կոնտինգենտի առաքելությունն այս տարածաշրջանում»,- The Daily Beast-ին ասել է ամերիկյան բարձրաստիճան զինվորականը:
Ավելացնենք, որ արևմտյան լրատվամիջոցները մատնանշում են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական այս գործարքի իրականացնելու մասին հայտարարության ժամանակահատվածը՝ նշելով, որ այն բացասական ազդեցություն կարող է ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլի վրա: