«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է հատել իր սեփական մետաղադրամը՝ դինարը։ Մեկ ոսկե դինարը հավասար է 139 ամերիկյան դոլարին: Մետաղադրամի դիզայնի համար հիմք է ծառայել խալիֆ Օսմանի ժամանակվա մետաղադրամը: Այսպես, դինարի մի կողմում գրառում է արված արաբերեն լեզվով, մյուս կողմում աշխարհի քարտեզն է։ Մետաղադրամների առանձնահատկություններից են նաև ցորենի 7 հասկերի պատկերները։ Մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն մոտ ժամանակում։
Հարկ է նշել, որ այս ահաբեկչական խմբավորման ֆենոմենը և հիմնական առանձնահատկությունը նմանատիպ մյուս կազմակերպությունների համեմատությամբ հենց ֆինանսական համակարգի՝ ավելի ճիշտ ֆինանսավոման ուղիների մեջ: Եթե մյուս ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորվում են այս կամ այն պետության կամ կոնկրետ անհատների կողմից, ապա «Իսլամական պետությունը» գործում է ինքնաֆինանսավորմամբ, ինչը նրան դարձնում է քիչ խոցելի:
Այսպես, Իսլամական պետությունն իր համար ֆինանսավորում է հայթայթում հիմնականում հինգ աղբյուրներից, որոնք են՝ գրավյալ տարածքներում բանկերի թալանը, նավթային ոլորտի նկատմամբ վերահսկողությունը, տնտեսական ակտիվների կողոպուտը, իրենց հսկողության տակ գտնվող տարածքներով ապրանքների տարանցման համար սահմանված անօրինական հարկահանություն և մարդկանց առևանգումը՝ փրկագին ստանալու նպատակով:
ԱՄՆ-ի հաշվարկների համաձայն՝ ԻՊ-ն միայն Իրաքի Սալահ էդ Դին, Քիրքուք, Ալ Անբար և Նինևահ նահանգներում գրաված տարածքներում պետական բանկեր կողոպտելու արդյունքում ձեռք է բերել ամերիկյան ավելի քան կես միլիարդ դոլարին համարժեք իրաքյան դինար: ԻՊ-ին արդեն հասանելի են նաև Մոսուլի բանկերը: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նշենք, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում են ավելի քան 20 բանկեր:
«Իսլամական պետությունն», ինչպես արդեն նշեցինք, հսկայական գումարներ է ստանում նաև անօրինական հարկերից և ֆինանսական տարաբնույթ գործողություններից: Այսպես, խմբավորումը գրավյալ տարածքների բնակչությունից բռնի կերպով ավանդներ է վերցրել և դրանց հետ ցանկացած գործողության համար գանձում է գումարի 5 տոկոսը, ինչը ևս կլորիկ եկամուտ է ապահովում ահաբեկիչների համար:
Հարկ է նշել, որ ԻՊ դեռևս չի կարողանում առավելագույնս օգուտ քաղել իր վերահսկողության տակ գտնվող էներգակիրներից՝ տեխնիկական հնարավորությունների և ռեսուրսների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, Իրաքի արևմտյան և հյուսիսային շրջանների, ինչպես նաև Սիրիայի արևելքում ԻՊ տնօրինության տակ գտնվող ռեսուրսներն ահաբեկչական կազմակերպությունն ավելի շատ օգտագործում է սեփական էներգետիկ պահանջմունքների բավարարման համար: Նշվում է նաև, որ ԻՊ-ն օրական 50 հազար բարել նավթ է վաճառում բավականին ցածր գներով՝ 25-30 ամերիկյան դոլար մեկ բարելի դիմաց:
«Իսլամական պետության» համար ինքնաֆինասավորման կարևոր աղբյուր է հանդիսանում նաև հնությունների անօրինական վաճառքը, որից, տարբեր տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները ստացել են ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ: National Geographic-ի փոխանցմամբ՝ ԻՊ գրավել է ավելի քան 45 հազար հնագիտական հուշարձաններ: Նշենք, որ ԻՊ ռազմական գործողություններ է ծավալում այն տարածքներում, որտեղ տեղակայված են Սիրիայի և Իրաքի պատմա-մշակութային հուշարձանների 90 տոկոսը:
Ինչ վերաբերում է մարդկանց առևանգումից ստացված եկամտներին, ապա, տարբեր տվյալների համաձայն՝ ԻՊ այս եղանակով արդեն ստացել է 20-45 միլիոն ամերիկյան դոլար եկամուտ:
Այսպիսով, պարզ է դառնում, որ ԻՊ առաջացրած գլոբալ մարտահրավերին դիմակայելու և այն չեզոքացնելու համար միակ միջոցը վերջինիս ռազմական պարտությունն է, քանի որ, ի տարբերություն մյուս ահաբեկչական խմբավորումների, որոնց թուլացնելու համար բավական էր ֆինանսավորման ուղիների սահմանափակումը, «Իսլամական պետության» դեպքում ֆինանսավորման ուղիները ձուլված են ռազմական հաջողությունների հետ: