Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին ընդունել է բանաձև, որով ռուսական պատվիրակության լիազորությունները չեղյալ չեն հայտարավում, սակայն պահպանվում են 2015 թվականի հունվարի 29-ին ընդունված պատժամիջոցները: Պատժամիջոցները երկարացվել են ևս մեկ տարով:
«Որպես ռուսական պատվիրակության հետ բաց և կառուցողական երկխոսության պատրաստակամության օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, պահպանելով գործող պատժամիջոցները, որոշել է չեղյալ չհայտարարել ռուսական պատվիրակության այս պահի համար հաստատված լիազորությունները», – ասվում է ԵԽԽՎ բանաձևում, որի ընդունման օգտին քվեարկել են 152 պատգամավորներից 128-ը: ԵԽԽՎ–ի մոնիթորինգային հանձնաժողովը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի կողմից Վեհաժողովի հունվարյան բանաձևի պահանջների կատարման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն այս կապակցությամբ նշել է, որ ԵԽԽՎ բանաձևը փաստացիորեն հաստատել է Ռուսաստանի և Վեհաժողովի միջև հարաբերություններում բացասական ստատուս քվոյի առկայությունը: «Լիազորությունների հաստատումր՝ պատժամիջոցների պահպանման պայմաններում իրավիճակը չի բարելավում, բայց և սկզբունքորեն չի վատացնում»,-ընդգծել է Պուշկովը, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ՝ հունիսին, Պուշկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը «պատժամիջոցների պահպանման դեպքում կշարունակի ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու գիծը»: Նա ընդգծել էր, որ ռուսական պատվիրակության լիազորությունների սահմանափակումները երկարացնելու դեպքում Ռուսաստանը ևս մեկ տարով կդադարեցի իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հունվարին ընդունած պատժամիջոցները վերաբերում են ձայնի իրավունքին, կանոնադրական օրգանների նիստերին և վեհաժողովի մոնիթորինգային գործունեությանը մասնակցելուն: Ի պատասխան ԵԽԽՎ այս քայլի՝ ռուսական պատվիրակությունը հունվարին դադարեցրել էր իր մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին: Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կվերսկսի իր աշխատանքները ԵԽԽՎ-ում միայն բոլոր լիազորությունների և առաջին հերթին՝ ձայնի իրավունքի վերականգման դեպքում:
Ավելացնենք, որ այս շաբաթ որոշվեց նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների և հակապատժամիջոցների հետագա ճակատագիրը: Հունիսի 22-ին ԵՄ խորհուրդն ԱԳ նախարարների մակարդակով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով: Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին: