Միգրանտների ճգնաժամն օրեցօր ավելի խոր արմատներ է գցում Եվրոպայում: Այն ստիպում է Եվրամիության անդամ երկրներին մտնել տարաձայնությունների մեջ և հանդես գալ քաղաքականության փոփոխության կոչերով:
Այս ամենի դրսևորումներն ամեն օր տեսնում ենք ԵՄ անդամ տարբեր երկրներում, ուր երրորդ երկրների քաղաքացիներն ուղևորվում են ավելի լավ կյանքի փնտրտուքով: Մինչդեռ Թունիսից միգրանտներն արտագաղթում են հիմնականում Իտալիա և Հունաստան, Սոմալիի, Էրիթրեայի, Աֆղանստանի և Սիրիայի սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներն ուղևորվում են Ֆրանսիա և ԵՄ այլ երկրներ, նույնիսկ փորձում հասնել Միացյալ Թագավորություն: Վերջինս այն միակ երկիրն է, որ պատրաստ է լքել ԵՄ-ն, որպեսզի հրաժարվի միգրացիոն ընդհանուր քաղաքականության օրենքներից: Օրեր առաջ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին տեղի ունեցած միջադեպը հենց սրա ապացույցն էր: Առհասարակ Բրիտանիան ԵՄ ամենագրավիչ երկրներից է, ինչպես ներքին միգրացիայի (հիմնականում Լեհաստանից), այնպես էլ արտաքին (հիմնականում Պակիստանից և Հնդկաստանից):
Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է հերթական ԵՄ գագաթաժողովի ընթացքում իր առաջարկների փաթեթը ներկայացնել ԵՄ երկրների ղեկավարներին և հնարավորության դեպքում փոփոխություններն իրականացնել մինչ 2017-ին նախատեսված ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն: Բրիտանիայի ներկայացրած փոփոխություններում մեծ դեր ունի ընդհանուր միգրացիոն քաղաքականությունից դուրս գալու երկրի ցանկությունը և երրորդ երկրի քաղաքացիների մուտքն ինքնուրույն կառավարելու ցանկությունը:
Բարվոք կյանքի ակնկալիքով ԵՄ ժամանող միգրանտների թիվն օրեցօր ավելանում է: Կարելի է ասել, որ նոր քաղաքականության ընդունումը նրանց համար նոր խթան հանդիսացավ, տալով հնարավորություն մուտքից հետո տեղափոխվել այլ երկրներ: Իտալիայի և Հունաստանի մերձափնյա ոստիկանությունն ամեն օր մոտ 3,000 միգրանտ է փրկում Միջերկրական ծովում: Ծայրահեղ վատ սոցիալական պայմաններից և պատերազմից փախչող միգրանտները խնդրահարույց իրավիճակ են առաջացրել մի շարք երկրներում. Իտալիայի տարբեր քաղաքներում ապաստան փնտրելիս, Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին՝ Վենտիմիլիա քաղաքում կուտակման և սահմանի հատման փորձ կատարելու պատճառով, Սիցիլիայում, Հունաստանում, Հունգարիայում, Ֆրանսիայի և Բրիտանիայի սահմանին՝ Կալե քաղաքում և այլն: Թերևս «բախման» ամենավերջին դեպքերից էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած պատահարը, երբ միգրանտների՝ Բրիտանիայի սահմանը հատելու պատճառով մի քանի օրով կասեցվեց երկու երկրների միջև տրանսպորտային հանգույցների աշխատանքը: Նմանատիպ դեպք պատահեց Ավստրիայի և Հունգարիայի միջև. Հունգարիան նույնպես փորձեց կասեցնել միգրանտների մուտքը և հայտարարեց, որ միգրանտները պետք է մնան այն երկրում, որը հանդիսանում է իրենց առաջնային մուտքի երկիրը:
Հարկ է նշել, որ եթե որոշ ԵՄ անդամ-երկրների գոհացնում է ընդհանուր միգրացիոն քաղաքականությունն ու դրա համաձայն միգրանտների տեղաբաշխումը ԵՄ անդամ բոլոր երկրներով՝ ըստ սահմանված քվոտաների, մյուսների մոտ այն դժգոհություն է առաջացնում՝ ստիպելով հրաժարվել որոշ պարտականություններից: Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, որոնք հանդիսանում էին երրորդ՝ հիմնականում Աֆրիկյան երկրներից ԵՄ մուտքի առաջին երկիր, գոհ են ընդունված նոր համակարգման մեխանիզմներից. այսուհետ նրանք ստիպված չեն լինի հազարավոր միգրանտների կուտակման երկիր դառնալ: Սակայն կենտրոնական և արևմտյան եվրոպայի որոշ երկրներ պատկերացնել անգամ չեն կարող նման որոշման կիրառումն իրենց երկրներում:
Այսպիսով, միգրանտների հիմնահարցն օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում ԵՄ անդամ երկրներում՝ առաջացնելով դրանց անհամաձայնությունը ԵՄ-ի քաղաքականության հետ և ավելացնելով առանց այն էլ առկա մեծաքանակ տարաձայնություններ Բրյուսելի և անդամ-երկրների միջև: Կարծես թե ժամանակն է, որ Եվրամիությունը ականջալուր լինի միգրանտների հոսքերով ողողված երկրների կոչերին և դիմի փոփոխությունների՝ ապացուցելով, որ կառույցը դեռևս ունակ է ներքին խնդիրներին ճկուն արձագանքելու: