ԵՄ գագաթաժողով. ոչ բոլոր հարցերն են լուծված

17:44     26 հունիսի, 2015

Երեկ Բրյուսելում` Եվրոպական միության մայրաքաղաքում, տեղի ունեցավ ԵՄ առաջնորդների գագաթաժողով, որի ընթացքում քննարկվեցին անօրինական միգրացիայի դեմ պայքարի, հունական պարտքի ու բարեփոխումների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալ-չգալու հարցերը:

Մինչ հանդիպման մեկնարկը ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ իրենց կառույցի հիմնարար արժեքները ծախու չեն և հետևաբար սակարկման ենթակա չեն գագաթաժողովի մասնակիցներից որևէ մեկի կողմից:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծես դեմ չէր այդ սակարկմանը, և, չնայած Տուսկի զգուշացումներին, հերթական անգամ փորձեց առաջ տանել «բարեփոխված» ԵՄ-ի իր գաղափարը, որի կազմում միայն ՄԲ-ն կարող էր շարունակել իր անդամակցությունը և հեռանալու նպատակ չհետապնդեր:

Տուսկը պատասխանեց, որ Քեմերոնի մտահոգությունները հաշվի կառնվեն և նրա առաջարկությունները կդիտարկվեն, սակայն միայն այն պայմանով, որ դրանք անվտանգ լինեն ոչ միայն ԵՄ-ի, այլև ողջ Եվրոպայի համար:

Իսկ Քեմերոնի պահանջների մեջ իհարկե առաջնահերթ էր միգրանտների հետ կապված ԵՄ որոշումների վերանայումը, ինչն էլ հենց գագաթաժողովի գլխավոր թեմաներից էր հանդիսանում:

Բանն այն է, որ բացի Մեծ Բրիտանիայից, մի շարք ուրիշ եվրոպական երկրներ նույնպես դեմ են ԵՄ կողմից «քվոտաների» ներմուծմանը միգրանտներ ընդունելու համար, և քննադատում են այդ նախաձեռնությունը` ստիպելով ԵՄ-ին վերանայել այն:

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը վերջին շրջանում դարձել է ԵՄ գերակայությունը», - այդ առիթով նշել է Տուսկը, - «Անօրինական կերպով ապաստան փնտրողներին չի երաշխավորվելու Եվրոպայում ապրելու և աշխատելու հնարավորությունը»:

ԵՄ առաջնորդների գագաթաժողովի ժամանակ հաջորդ կարևորագույն հարցը, որ բարձրացվել էր, իհարկե Հունաստանի խնդիրն էր, որի պարտքերը վերադարձնելու վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել:

Արժույթի միջազգային հիմնադրամի խոսնակը հայտարարեց, որ հունիսի 30-ից չի հետաձգվի վերջնաժամկետը, և Հունաստանը պարտավոր է մուծել իր 1.6 միլիարդ եվրոյի պարտքը:

«Մենք չենք հանձնվի մինչ վերջնական լուծում չգտնենք այս հարցին», - հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, - «Պարտատերերը մերժել են մեր բոլոր առաջարկությունները, մենք էլ իրենց այլընտրանքները չենք ընդունել: Բայց պետք է անպայման վերանայել երկու կողմերի փաստաթղթերն էլ»:

Աթենքն ու Բրյուսելը փաստորեն հերթական անգամ որևէ կոնկրետ որոշման այդպես էլ չեն հանգել, բայց դա չի կարող երկար տևել, քանի որ ամսվա վերջին ԱՄՀ-ն արդեն վերջնականորեն կխառնվի հարցին` իր գումարները hետ պահանջելով: Ուստի հուլիս ամսին արդեն պետք է որ հետաքրքիր նորություններ լինեն Հունաստան – ԵՄ հարաբերություններում̦ եթե ոչ կարգավիճակում:


© armedia.am