Եվրոպական երկրների առաջնորդներից ոչ մեկը չի հաստատել իր մասնակցությունը եվրոպական խաղերի փակման արարողությանը: Այս մասին, ադրբեջանական АПА գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազատ Ռագիմովը:
Նա լրագրողներին հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու մտադրության մասին հայտնել են միայն մի քանի երկրների վարչապետեր և խորհրդարանների խոսնակներ:
Նշենք, որ պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերի բացմանը ևս եվրոպական առաջնորդներից քչերն էին մասնակցել: Եվրոպական առաջնորդներից ներկա էին Մոնտենեգրոյի, Մոնակոյի և Սերբիայի ղեկավարները: Համաշխարահային առաջնորդներից ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ընդհանրապես հարկ է նշել, որ Եվրոպական խաղերը չարդարացրեցին Ալիևի հույսերը՝ երկրի իմիջն այդ կերպ բարելավելու հետ կապված: Ե՛վ Եվրոպական խաղերի նախապատրաստական փուլում, և՛ խաղերի ընթացքում բուն խաղերին շատ քիչ անդրադարձեր են արվել միջազգային լրատվամիջոցներում, իսկ հրապարակումների հիմնական մասում բացասական երանգն ակնհայտ է:
Խաղերի հենց առաջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց Բաքվի կողմից արևմտյան մի շարք լրատվամիջոցներին Եվրոպական խաղերը լուսաբանելու արգելքն՝ այդ լրատվամիջոցներում ադրբեջանական իշխանությունների ներքին քաղաքականության մասին հրապարակումների պատճառով: Մասնավորապես բրիտանական The Guardian-ին Բաքուն արգելել էր իր մասին որևէ բան գրել: Եվ բացման առաջին օր Ադրբեջանում այս միջազգային սպորտային իրադարձության մասին գրելու փոխարեն համաշխարահային մամուլը գրում էր ադրբեջանական իշխանությունների, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական բնույթի մասին:
Եվրոպական խաղերի՝ որպես լուսավոր տոն կայանալուն խոչընդոտեց նաև խաղերի բացման օրը օլիմպիական թաղամասում ավստրիական պատվիրակության երեք մարզուհիներին վրաերթի ենթարկելու դեպքը: Օրերս Բաքվում վրաերթից մահացել է նաև Եվրոպական խաղերի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
Եվրոպական խաղերի շրջանակում բուն սպորտին անդրադառնալիս միջազգային մամուլը հատկապես ընդգծել է խաղերում դատավորների կողմնակալ որոշումները: Միջազգային մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ մարզիկները հատկապես դժգոհ են եղել բռնցքամարտի մրցավարների գնահատման մեխանիզմից:
Ընդհանուր առմամբ, սա երևի պատմության այն բացառիկ դեպքերից է, երբ երկիրը միլիոնավոր դոլարները է ծախսում իր համար հակագովազդ իրականացնելու համար:
Ավելացնենք, որ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա կիրակի օրը՝ հունիսի 28-ին: