Ջեյմս Ուորլիք. Քաղաքական կամք դրսևորելու դեպքում հակամարտությունը լուծելի է

16:16     27 հունիսի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը, որտեղ շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պատերազմ չեն ուզում: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Այն հարցին, թե ինչ կլինի, եթե Բաքուն որոշի պատերազմ սկսել, նա նշել է, որ այն կհանգեցնի հակամարտության ծավալմանը և լարվածության աճին և կխաթարի միջնորդների առաքելությանը: «Ուստի մենք աշխատում ենք հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը և խուսափել բռնությունից», - ասել է Ուորլիքը:

Համանախագահը նաև նշել է, որ քաղաքական կամք դրսևորելու դեպքում հակամարտությունը լուծելի է: «Ես բավական շատ եմ շփվել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ և կարող եմ ասել, որ նրանք պատերազմ չեն ցանկանում, այլ ուզում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ահա թե ինչու ենք մենք նրանց օգնում»,- ընդգծել է Ուորլիքը։


© armedia.am