Այսօրվա հանրահավաքում ցուցարարները կարձագանքեն ՀՀ նախագահին

09:55     28 հունիսի, 2015

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 18:00-ին, համազգային մոբիլիզացիա է հայտարարել, որի ընթացքում պետք է քննարկվեն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ:

Հիշեցնենք` երեկ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե ցուցարարների հիմնական պահանջը՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը, ծայրահեղ վտանգավոր է: Միաժամանակ նա առաջարկել էր աուդիտ անցկացնել «Հայկական էլեկտրական ցանցերում»։

«Եթե աուդիտի եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,- ասել էր նա։

Առաջարկելով աուդիտին ներգրավել ոչ միայն էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, այլև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, Սերժ Սարգսյանը հորդորել է ցուցարարներին բացել Բաղրամյան պողոտան և խնդիրը լուծել միասին:

«Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասին պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: 

Նախագահի այս առաջարկներին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է վերջնական պատասխան տալ այսօր երեկոյան՝ համընդհանուր քննարկումից հետո: 


© armedia.am