Թուրքիայում քննարկում են Հալեպ և Իդլիբ քաղաքների և Թուրքիայի սահմանի միջև ընկած հատվածում, որը իր մեջ ներառում է նաև Այն ալ Արաբ (Քոբանի), Ջարաբլուս և այլ քաղաքներ, անվտանգության գոտի ստեղծելու հարցը, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Անկարայում արդեն իրական են համարում Սիրիայի տարածքից ԻՊ գրոհայինների երկիր ներթափանցման վտանգը, ինչով էլ պայմանավորված հանձնարարել են զինվորականներին Թուրքիային սահմանակից սիրիական տարածքում 10 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել: Այդ գոտուն հաջորդող 40-50 կիլոմետրանոց հատվածում թուրք զինվորականները կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս անվտանգությունն ապահովելու համար: Նախատեսվում է, այդ գործողության մեջ ներառել մոտ 12 հազար զինվորականի, գրում է Hürriyet-ը: Վերջինս նշում է, որ կառավարությունը զինվորականությանը նման հանձնարարություն է տվել երկրի նախագահ Էրդողանի հետ մի շարք լուրջ բանակցությունների արդյունքում:
Սակայն նման գործողության իրականացումը լի է ռիսկերով, քանի որ սիրիական կառավարական զորքերի հետ առճակատումը երկրի տարածքում թուրքական զորքերի հայտնվելու դեպքում անխուսափելի է: Ընդ որում, նրանք նշում են, որ Սիրիայի տարածքում թուրքական զորքերն առճակատման մեջ կհայտնվեն ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլ նաև քրդական ազատագրական ջոկատների և ԻՊ գրոհայինների հետ: Զինվորականությունը նաև մտահոգություն է հայտնում, որ Սիրիայի հյուսիսում, առանց Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի հետ նախապես խորհրդակցություններ անցկացնելու, ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թուրքիան կվատացնի վերջիններիս հետ հարաբերությունները:
Նշենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում Անկարան պայքարում էր Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու համար, սակայն միջազգային հանրությունը դեռևս չի արձագանքում Անկարայի այս առաջարկին: Սիրիական իշխանություններն իրենց հերթին քննադատում են Թուրքիայի այս նախաձեռնությունը: Պաշտոնական Դամասկոսն անընդունել է համարում Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին, անվտանգության գոտի ստեղծելու հավանականությունը, և Թուրքիայի կողմից այդտեղ ռազմական գործողությունների սկսումը Դամասկոսն անկասկած կորակի որպես միջազգային իրավունքի խախտում:
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ այժմ թուրքական իշխանությունները բավարար հիմքեր չունեն Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու համար: Վերջին շրջանում ԻՊ-ն այստեղ պարտություններ է կրում քրդական ազատագրական ջոկատների կողմից: Հենց այս փաստն է մտահոգում Անկարային և ստիպում ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնելու, այլ ոչ թե ԻՊ սպառնալիքը, որը Թուրքիայի համար շաբաթներ առաջ ավելի մեծ էր, քան հիմա: Այս մասին վկայում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Անկարան թույլ չի տա հյուսիսային Սիրիայի և հարավային Թուրքիայի շրջաններում քրդական պետություն ստեղծել` կրկին մտահոգություն հայտնելով ԻՊ-ի ֆոնին անկախ Քուրդիստանի ստեղծման առիթով:
Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանը «դիմելով ամբողջ աշխարհին»՝ հայտարարել է, որ Թուրքիան ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ և թույլ չի տա «ժողովրդագրական փոփոխություն տարածաշրջանում», ինչ գնով էլ լինի:
Սակայն Թուրքիային Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու համար պետք են ավելի լուրջ փաստարկներ, քան Սիրիայի հյուսիսում Քրդական պետության ստեղծման հավանականությունը:
Ավելացնեք նաև, որ, թուրքական Taraf թերթի փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները քննարկում են նաև Սիրիայի հետ սահմանին՝ երկրի տարածք անօրինական ներթափանցումը կանխելու համար, անվտանգության պատ կառուցելու հնարավորությունը:
Ակնկալվում է, որ թուրք-սիրիական սահմանի ընդհանուր երկարությամբ՝ 911 կիլոմետր, պատի կառուցումը կարժենա 30 միլիոն լիրա: