Հունաստանի իշխանությունները մեկ շաբաթով վերացրել են Աթենքում հանրային տրանսպորտի վճարները:
Ըստ տրանսպորտի նախարար Խիստոս Սպիրտզիսի՝ քաղաքացիներն անվճար կարող են օգտվել մետրոյից, ավտոբուսներից և տրոլեյբուսներից: Միաժամանակ նշվում է, որ գնացքների վճարները կպահպանվեն: Որոշումն ուժի մեջ կմտնի օրվա ընթացքում և կվերաբերի միայն մայրաքաղաքի տրանսպորտին, քանի որ մյուս քաղաքներում հանրային տրանսպորտը մասնավոր է:
Ըստ նախարարի՝ նման քայլը պայմանավորված է ավելի վաղ կայացված որոշմամբ, որի համաձայն մեկ շաբաթով փակվել են բոլոր բանկերը և սահմանափակվել են դրամական միջոցների հատկացումները բանկոմատներով: Երկրի իշխանությունները կարծում են, որ նման իրավիճակում ամեն կերպ պետք է փորձեն թեթևացնել քաղաքացիների կյանքը: