Եվրոպական առաջին խաղերն այլևս պատմություն են: Նախօրեին՝ հունիսի 28-ին, Բաքվում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերի փակման արարողությունը, որի համար Բաքուն ծախսել էր ավելի քան 140 միլիոն մանաթ: Սակայն այս խաղերը դժվար է անվանել համաեվրոպական: Ադրբեջանական իշխանությունների սպասումներին հակառակ՝ այս իրադարձությունը չարժանացավ համապատասխան ուշադրության ո՛չ միջազգային մամուլի, ո՛չ եվրոպական երկրների առաջնորդների և ոչ էլ առաջատար մարզիկների կողմից: Իհարկե Եվրոպական խաղերի համատեքստում բավականին մեծ քանակությամբ անդրադարձներ եղան միջազգային մամուլում, բայց դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին խոհանոցին էին վերաբերում, քան բուն սպորտային իրադարձություններին:
Միգուցե հենց այն պատճառով, որ Բաքվում այդպես էլ Եվրոպական խաղերը չվերածվեցին համաեվրոպական սպորտային տոնի, այժմ հաջորդ խաղերի անցկացման մասին խոսելու փոխարեն՝ կասկածի տակ է դրվում Եվրոպական հաջորդ խաղերի անցկացման հնարավորությունը: Նշենք, որ որպես հաջորդ խաղերի հյուրընկալող երկիր նշվում էր Հոլանդիան, սակայն վերջինս հրաժարվել է 2019 թվականին իր մոտ անցկացնել Եվրոպական հաջորդ խաղերը՝ բյուջեի սղության պատճառով: Ամստերդամում հաշվարկել են, որ խաղերի համար ծախսվող ավելի քան 60 միլիոն եվրոն որևէ կերպ չեն արդարացվում՝ ի տարբերություն Օլիմպիական խաղերի և ֆուտբոլային առաջնությունների:
Բաքվի խաղերը ցույց տվեցին, որ մարզասերների հետաքրքրվածությունն այս խաղերով բավական ցածր է, և դրանք ավելի շատ ծառայում են այս կամ այն երկրի գովազդին, ինչպես Ադրբեջանի դեպքում էր: Սակայն եվրոպական մայրցամաքում Ադրբեջանի նման երկրներ՝ պատրաստ միլիարդավոր դոլարներ ծախսել երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, գրեթե չկան: Եվրոպայում ավելի շատ հակված են երկրի միջազգային կշիռը բարձրացնելու համար իրենց երկրում ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ անցկացնել, քան բյուջեից հսկայական գումարներ վատնել մի իրադարձության կազմակերպման վրա, որն այդքան էլ չի հետաքրքրում լայն զանգվածներին:
Ավելացնենք, որ Եվրոպական երկրորդ խաղերն անցկացնելու պատրաստակամություն հայտնել է Ադրբեջանի «մեծ եղբայրը»՝ Թուրքիան, որը ևս ոչինչ չի «խնայի» իր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, եթե իհարկե խոսքը ժողովրդավարական բարեփոխումների մասին չէ: Սակայն դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց Թուրքիան կհյուրընկալի հաջորդ խաղերը;
Վերոնշյալը լուրջ կասկածանքներ է հարուցում Եվրոպական խաղերի շարունակական բնույթի վերաբերյալ: