Եվրոպական միությունն՝ ի դեմս իր գլխավոր կառույցների՝ ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի որոշել է վերացնել ռոումինգի վճարը մոտակա երեք տարվա ընթացքում՝ մինչ 2018 թվականը։
«ԵՄ սահմաններում ճամփորդությունների ժամանակ բջջային հեռախոսների բաժանորդները կվճարեն նույն գինը, ինչ տանը՝ առանց որևէ հավելավճարի»,- նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, փոխանցում է Euronews-ը:
Սակայն համապատասխան օրինագիծը պետք է վերջնականորեն հաստատվի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի լիագումար նիստում։
Ըստ նախնական որոշման սակայն, ռոումինգը միայն հարաբերականորեն անվճար կդառնա: Հեռախոսազրույցի ժամանակահատվածի համար հատուկ սահմանափակումներ կներմուծվեն՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով։ Իսկ եթե բաժանորդն այնուամենայնիվ գերազանցի ժամանակը, ապա ստիպված լինի «սիմվոլիկ վճարում» կատարել:
Հետաքրքիր է, որ օրեր առաջ ընդամենը նմանատիպ հայտարարութոուն էր տարածել նաև ԵԱՏՄ հակամենաշնորհային և մրցակցությունն ապահովող հանձնաժողովի մշտական անդամ Նուրլան Ալդաբերգենովը:
«Եվրասիական տնտեսական միության երկրների միջև չպետք է ռոումինգային փաթեթ գործի: Այն պետք է չեղարկենք մինչ հոկտեմբեր ամիսը», - այս մասին հաղորդում է Коммерсант-ը՝ մեջ բերելով Ալդաբերգենովին:
Իսկ եթե բջջային օպերատորները հրաժարվեն այդ պայմանները կատարելուց, ապա նրանք կկասկածվեն հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ: Իսկ օպերատորների մեծ մասը, հատկապես հայտնի ռուսական ընկերություններն արդեն իսկ բողոքում են նման նախագծի դեմ և որպես իրենց դժգոհության պատճառ նշում են ռուբլու անկումը:
Արդեն երկու տարի է, ինչ ԵԱՏՄ-ում գնում են ռոումինգը չեղարկելու մասին նմանատիպ խոսակցություններ: Պատճառն այն է, որ ռոումինգի գները ԵԱՏՄ տարածքում չափազանց բարձր են, ինչը բերում է մեծ թվով բաժանորդների կորստի:
Նշենք, որ հիմա արդեն իսկ մոնիտորինգ ու տարբեր հետազոտություններ են անցկացվում ԱՊՀ տարածքում՝ ռոումինգի հետ կապված չարաշահումները պարզելու և դրանց դիմացն առնելու նպատակով: