Հայաստանում էլեկտրաէներգիայի գների թանկացման ֆոնին ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և փորձագետներ անդրադարձան «արևմտյան հետքի» առկայությանը: Գործոնների շարքում նշվում էր նաև ԵՄ-ի հետ Հայաստանի երկխոսության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված գործընթացը:
Ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու որոշումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները որոշակի ցնցումների ենթարկվեցին, սակայն արդյունքում Հայաստանին հաջողվեց թե՛ ռուսաստանյան, թե՛ եվրոպացի գործընկերների համար լսելի և ընկալելի դարձնել ինտեգրացիոն գոծընթացները համադրելու և լրացուցիչ բաժանարար գծեր ու ճգնաժամերի աղբյուրներ չստեղծելու իր քաղաքականությունը:
Այսօր ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են նոր փուլի նախաշեմին, ավարտվել են հարաբերությունների զարգացման ոլորտների վերաբերյալ հստակեցնող խորհրդակցությունները, ԵՄ-ի կողմից արդեն իսկ սկիզբ է տրվել Հայաստանի հետ նոր բանակցությունների մանդատի հաստատման գործընթացին: Մանդատի հաստատումից հետո կսկսվեն իրավական նոր հիմք ծառայող փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել են համագործակցության հիմնական ոլորտները, և դրանց թվում ընդգրկվել է նաև տնտեսական ոլորտը: Այս առումով Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է իր զգալի ներդրումն ունենալ ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման հարցում: Բազմիցս նշվել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին ընձեռված առևտրային առավելությունների (GSP+) համակարգը կարող են ծառայեցվել ԵԱՏՄ բոլոր գործընկերների շահերին: Միաժամանակ, Հայաստանը կարող է լրացուցիչ ներդրումներ գրավել Եվրոպայից դեպի ԵԱՏՄ շուկա: Սա, բոլոր կողմերի համար շահավետ գործընթաց է, որը որևէ կերպ նպատակ չունի տարանջատման գնալ, կամ լրացուցիչ բարիկադներ կառուցել:
Այսօր Արևելյան գործընկերության քաղաքականությունը վերանայվում է՝ հիմքում դնելով գործընկերների առավել տարբերակված սկզբունքը, այդ թվում՝ նպատակ հետապնդելով զարգացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ Բելառուսի և Հայատանի հետ: Բելառուսն իր հերթին բարձրաձայնում է ԵՄ և ԵԱՏՄ միջև երկխոսության հարթակ ծառայելու իր պատրաստակամությունը:
Ուստի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամների և հատկապես ՌԴ-ի կողմից բազմիցս հայտարարվել է ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցություն զարգացնելու կարևորության մասին՝ ԵՄ-ի հետ ԵԱՏՄ անդամ-երկրների հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը չպետք է դիտարկվի «սև-սպիտակ» կատեգորիաների ներքո և գնահատվի որպես մարտահրավեր ԵԱՏՄ անդամների միջև հարաբերությունների համար:
ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքը ՀՀ-ում և հասարակության կողմից առաջին հերթին պայմանավորված է ՀՀ-ի հանդեպ վերջինիս վարած քաղաքականությամբ, հետո միայն արտաքին այլ գործոններով: