Վերջին շրջանում շատացել են դեպքերը, երբ պետությունները պատեր են կառուցում հարևան երկրների հետ սահմանին, որոնց հետ ունեն ոչ միանշանակ հարաբերություններ: Այսպես, մայիսին Կիևը հայտարարեց երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին: Հունիսին Բուդապեշտը հայտարարեց, որ պատրաստվում է պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին՝ Հունգարիա միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար: Հարկ է նշել, որ պատեր կառուցելը «անցանկալի» հերևանների հետ սահմանին նոր երևույթ չէ, և այն միշտ չէ, որ արդարացվել է: Չինական մեծ պարիսպը և Բեռլինի պատը դրանց վառ ապացույցներն են: Միջազգային այս պրակտիկայի կիրառումից որոշել է հետ չմնալ նաև պաշտոնական Բաքուն:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքուն պատրաստվում է հայկական դիրքերին մոտ գտնվող Թառթառի շրջանի երկու գյուղերում պատ կառուցել: Պատը կկառուցվի մի քանի տների մոտ, որոնք «տեղակայված են առավել վտանգավոր տարածքներում: Պատի բարձրությունը կլինի տների տանիքների բարձրության չափ»:
Հայկական զինուժից պաշտպանվելու նպատակով պատ կառուցելու հարցը Ադրբեջանում քննարկում են արդեն բավականին երկար ժամանակ՝ 2006 թվականից: 2011 թվականին Ադրբեջանը 700 մետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ էր կառուցել Մարտակերտի շրջանին սահմանակից գյուղերում:
Սակայն հայկական կողմը հայ-ադրբեջանական և ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին պատ կառուցելու մասին Բաքվի այս հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքում: «Դա նրանց գործն է, այդ կերպ ուժեղացնում են իրենց դիրքերը»,- «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում հետ համակարծիք է նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Այս կապակցությամբ Հասրաթյանն էլ նշել է. «Ինչ ուզում են, թող անեն... »
Հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների այս նախաձեռնությունը կրում է բացահայտ քարոզչական բնույթ, քանի որ հրադադարի ռեժիմը խախտում է հիմնականում հենց ադրբեջանական կողմը: Պատի կառուցման մասին հայտարարությամբ Բաքուն փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես հրադադարի ռեժիմի խախտման միակ մեղավոր: Մյուս կողմից պատի կառուցման մասին Բաքվի հայտարարություններն ուղղված են նաև ներքին լսարանին. պաշտոնական Բաքուն կարող է մեծ գումարներ լվանալ պաշտպանական պատի կառուցման անվան տակ: Ընդ որում, վերջինս ներկայիս ռազմական տեխնիկայի պայմաններում այդքան էլ հուսալի չէ: