Հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարը Թուրքիայում եզրափակվեց Ստամբուլում տեղի ունեցած համերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, Տիգրան Համասյանի և Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը հնչել է Ստամբուլի 22-րդ ջազային փառատոնի շրջանակներում:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն շարունակվել էր Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում:
«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: