Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգին երեկ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն են կանչել, ինչի առիթ է հանդիացել ՄԲ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ «Chatham House»-ի հրավերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և ղարաբաղյան մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության ու լարված իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված քննարկումներին:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն իրենց կառավարության անունից բողոք է հայտնել բրիտանական դեսպանին՝ ԼՂՀ նախագահի դեպի Chatham House այցի հետ կապված:
Chatham House-ը, որը գտնվում է ՄԲ մայրաքաղաք Լոնդոնում, իր առաքելությունն է համարում միջազգային կարևորագույն իրադարձությունների մանրամասն վերլուծություններ կատարելն ու այս կամ այն խնդրի հետ կապված լուծումներ առաջարկելը: Այն համարվում է Եվրոպայի մասշտաբով ամենաազդեցիկ, իսկ աշխարհում երկրորդն իր ազդեցիկությամբ թինկ-թենկը՝ ԱՄՆ հայտնի Բրուքինգսի ինստիտուտից հետո:
Տվյալ դեպքում Բակո Սահակյանի ելույթն այնտեղ նախատեսված է հուլիսի 8-ին, որի շրջանակներում նախագահը հակիրճ զեկույց կներկայացնի ԼՂՀ ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև կներկայացնի իր տեսակետը տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային խաղացողների վերաբերյալ: Նախագահի զեկույցին կհաջորդի մեկ ժամանոց հարց ու պատասխան քննարկումը:
Ադրբեջանական կողմի նման բուռն արձագանքը բավական անտրամաբանական է, քանի որ ոչ բոլոր երկրներում են նախընտրում խավիարային դիվանագիտությունից օգտվելու հնարավորությունները ժողովրդավարական արժեքներից: Բաքվի նման ոչ ադեկվատ արձագանքը, թերևս պայմանավորված է միջազգային ասպարեզում վերջին շրջանում Արցախի արձանագրած հաջողություններով, որոնք, մեղմ ասած, նյարդայնացնում են ադրբեջանական իշխանություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է տարաբնույթ միջազգային կապերի հաստատմանը և անգամ տարբեր մակարդակներով ԼՂՀ անկախության ճանաչմանը:
Այս առումով հիշարժան էր, օրինակ, Բակո Սահակյանի մայիսյան այցը Ֆրանսիա, որտեղ Մարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր: Իսկ անցյալ տարվա վերջին, հիշեցնենք, որ նման պայմանագիր ստորագրվել էր ֆրանսիական Բուրգ Բել Էր քաղաքի և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի միջև, Շուշին և Բուրգ դը Վալանսն էլ քույր քաղաքներ էին դարձել: Այս ամենն, իհարկե, ըստ արցախյան կողմի, խիստ կարևոր է եղել Ղարաբաղի քաղաքների զարգացման և ղարաբաղա - ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:
Այս համատեքստում հարկավոր է նաև նշել ֆրանս-ղարաբաղյան միջխորհրդարանական կապերի մասին, քանի որ վերջին շրջանում հանդիպումներ կազմակերպվեցին նաև Ֆրանսիայի և ԼՂՀ պատգամավորների միջև: Ի դեպ, նախաձեռնողը հաճախ հենց ֆրանսիական կողմն է եղել, այդ թվում՝ նրանց ինքնակամ մասնակցությունը Արցախի վերջին խորհրդարանական ընտրություններին:
Զգալիորեն բարելավվել են նաև ԱՄՆ-Արցախ հարաբերությունները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկյան հինգ նահանգներն արդեն ճանաչել են Արցախը՝ որպես անկախ հանրապետություն: Դրանք են Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Մեն, Լուիզիանա և Կալիֆոռնիա նահանգները:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում «Արցախ» կոչվող փողոց գոյություն ունի, որտեղ տեղակայված է Սուրբ Ստեփան (St Stephens) հայկական եկեղեցին: