ԼՂՀ այցելած ֆարնսիահայ բարերարները հանդիպել են երկրի ղեկավարության հետ: Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝ Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերին` նրանց թվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերի իրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքների բնագավառներում:
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝ կարևորելով նորակառույց շենքի դերը համայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարը խոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ տնտեսության զարգացման շնորհիվ բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողի վրա: