Ֆրանսիան մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ երկրի տարածքում իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
«Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հաշվի առնելով իրավական ասպեկտները և Ասանժի նյութական իրավիճակը, Ֆրանսիան չի կարող բավարարել այդ խնդրանքը: Ասանժի իրավիճակը անհապաղ սպառնալիք չի ներկայացնում», - Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում:
Ավելի վաղ Ասանժն ֆրանսիական Le Monde թերթի էջերից դիմել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել: