Անտեսելով իրենց եվրոպացի գործընկերների պահանջները և լսելով վարչապետի կոչը՝ հույները կիրակի օրվա հանրաքվեին «ոչ» պատասխանեցին այն հարցին, թե պատրաստ են արդյոք բավարարել Եվրոպական միության առաջադրած պայմանները:
Քվեարկողների 61, 31%-ը մերժել է վարկատուներին ընդառաջ գնալու և համապատասխան քայլերը կատարելու պահանջը, իսկ 38, 9%-ն, ընդհակառակը, համաձայնել:
Սա հենց այն արդյունքն էր, ինչին ձգտում էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, գրում են եվրոպական ԶԼՄ-ները: Նա հավատացած է, որ ժողովրդի աջակցությունն իրեն ավելի ուժեղ է դարձնում ԵՄ պաշտոնյաների առջև և հնարավորություն է տալիս ավելի համառ ու անզիջում լինել: Ցիպրասը նույնիսկ զգուշացրել էր, որ կարող է հրաժարական տալ, եթե ժողովրդի պատասխանը հօգուտ Եվրոպական միության լինի:
Իսկ ԵՄ առաջնորդներն՝ ի դեմս Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների, հայտարարել էին, որ պատրաստ են ընդունել արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեն, և որ հարկավոր է հարգել հույն ժողովրդի կամքը։
Սակայն, նման արդյունքները կարող են հանգեցնել Հունաստանի հեռացմանը եվրագոտուց, որին այն անդամակցել էր 2001 թվականին, և ընդհուպ մինչև ընդհանրապես ԵՄ կազմից: Տեղի կունենա, այսպես կոչված, GREXIT-ը, ինչպես այն անվանում է միջազգային մամուլը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս առիթով խոստովանել է, որ իսկզբանե կոպիտ սխալ էր Հունաստանում «եվրո» ներմուծելը, որովհետև հիմա, երբ երկիրը կարող է վերադառնալ իր նախկին ազգային արժույթին՝ «դրահմային», արդեն հարվածի տակ կդրվի ոչ միայն հենց հունական տնտեսությունը, այլև ընդհանուր համաեվրոպականը:
Չէ որ, բացի ամեն ինչից, գրում է Foreign Policy -ն, նման ֆինանսական ճգնաժամ գոյություն ունի եվրոպական այլ երկրներում ևս՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, և չնայած այսքան ծայրահեղ վիճակի չի հասել այնտեղ, այնուամենայնիվ թե հունական հանրաքվեն, թե հնարավոր GREXIT-ը կարող են նախադեպային դառնալ և շղթայական սկզբունքով ազդել հարևան երկրների վրա:
Իսկ եթե սրան գումարենք նաև հնարավոր BREXIT-ի սցենարը՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հավանականությունը, որը ևս հանրաքվեի միջոցով է որոշվելու, ապա կարելի է ԵՄ ճակատագիրը որոշված համարել:
Ի դեպ, բրիտանացի որոշ քաղաքագետներ կարծիք են հայտնել, որ հունական հարցը և պարտքերի հետ կապված այս ամբողջ քաոսն ու խուճապը ստվեր են գցում ԵՄ այն բոլոր բարեփոխումների վրա, որոնց իրականացման դեպքում միայն Բրիտանիան կշարունակեր մնալ ԵՄ կազմում:
Փաստորեն հունական այս ողջ էպոպեան ավելի է ՄԲ-ին հեռացնում մայրցամաքային Եվրոպայից, քանի որ բրիտանացիները նախընտրում են ուժեղ, մրցունակ և ԱՄՆ-ին արժանի գործընկեր տնտեսություն ունենալ:
Այսպիսով, Եվրոպական միությանը՝ տասնյակ տարիների պատմություն ունեցող համաշխարհային մասշտաբով ամենահզոր միջազգային կառույցներից մեկին, այսօրվա դրությամբ արդեն լուրջ վտանգ է սպառնում:
Վերադառնալով հունական խնդրին՝ նշենք, որ բրիտանական The Independent-ը հատուկ վիճակագրական տվյալներ է ներկայացրել այն մասին, թե եվրոպացիների քանի տոկոսն է շարունակում Հունաստանը տեսնել ԵՄ կազմում, և քանի տոկոսն է ուզում, որ հույները լքեն իրենց կառույցը:
Այսպես, գերմանացիների ավելի քան 53%-ը կողմ են GREXIT-ին, 18-ը ձեռնպահ են, և միայն 29% է ցանկանում տեսնել Հունաստանին իրենց կողքին: Մեծ Բրիտանիայի մեծամասնությունը ձեռնպահ է, 35% –ն է կողմ հեռացմանը, իսկ 26-ը՝ դեմ: Այլ է Ֆրանսիայի պատկերը: Այստեղ քիչ թե շատ հավասար է բաշխված՝ 32%-ը ձեռնպահ են, 33 %-ը հեռացման կողմ, իսկ առավել բարձր 36%-ը խրախուսում են Հունաստանի հետագա ներկայությունը Եվրոպական միության և եվրագոտու կազմում: