Խոցված Boeing-ի հարցով Մալայզիան տրիբունալ է պահանջում

13:03     9 հուլիսի, 2015

ՄԱԿ-ում Մալայզիայի պատվիրակությունը  ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի  նախագիծ է տարածել, որով պահանջում է միջազգային տրիբունալ սահմանել 2014թ. հուլիսի 17-ին վթարի ենթարկված Boeing-ի հարցի քննման համար:

Ըստ ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալության, բանաձևի նախագծում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է միջազգային տրիբունալ սահմանի՝ դատական հետապնդում իրականացնելու համար այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Malaysia Airlines-ի օդանավի խոցման համար:

Մալայզիան տրիբունալը համարում է անաչառ հետաքննության արդյունավետ երաշխիք:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անարդյունավետ է համարում այդ քայլը: «Հարկավոր է սպասել մինչև ավարտվի հետաքննությունը, ոչ թե տրիբունալի ստեղծման մասին շուտափույթ բանաձևեր ընդունել: Սա զգայուն և լուրջ խնդիր է, այն պահանջում է մանրամասն քննություն»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, Malaysia Airlines կազմակերպության Boeing 777 օդանավը խոցվել է 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի տարածքում: Զոհվել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:


© armedia.am