Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ:
Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում «ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը»:
Դրանում անդրադարձ է կատարվում նաև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը: Բանաձևը դիմում է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով առաջարկել ԵՀՔ երկրների մասնակություն ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում:
Բացի այդ, փաստաթուղթն անդրադարձ է կատարում սառեցված հակամարտություններին: Այն «կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով»:
Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով: