Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պահանջել է դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս` այն անվանելով Երրորդ համաշխարհային պատերազմ: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը̦ այս մասին Հռոմի պապը հայտարարել է Բոլիվիա կատարած այցի շրջանակներում: «Այսօր մենք սարսափում ենք̦ երբ տեսնում ենք̦ թե ինչպես են մեր քույրերն ու եղբայրները Հիսուսին հավատալու համար հալածանքների ենթարկվում Մերձավոր Արևելքում և այլուր»̦ - ասել է Հռոմի պապը:
«Այս Երրորդ համաշխարհային պատերազմում ցեղասպանություն է իրականացվում̦ ինչը պետք է դադարեցվի»̦ - ընդգծել է նա: Բացի այդ̦ Հռոմի պապը բացօթյա պատարագի ժամանակ կոչ է արել միլիոնավոր հավատացյալներին հրաժարվել մերօրյա սպառողական հասարակությունից: Նա դատապարտել է այն մտածելակերպը̦ որտեղ ամեն ինչ իր գինն ունի̦ ամեն ինչ կարելի է գնել̦ ամեն ինչի շուրջ կարելի է բանակցել:
Հռոմի պապը նախկինում ևս խոսել է համաշխարհային հակամարտությունների սրացման մասին` բարձրացրելով քրիստոնյաների անվտանգության հարցը և դատապարտելով տեղի ունեցող ահաբեկչությունները:
Հատկանշական է̦ որ 2013 թվականի զեկույցներից մեկի համաձայն քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում աշխարհի 102 երկրներում: Իսկ 2014 թվականին քրիստոնյաների հետապնդումներն ավելի են ուժեղացել: Մերձավոր Արևելքում այսպես կոչված «Արաբական գարնան» սկսվելուց ի վեր ծայրահեղ իսլամիստական խմբավորումների կողմից քրիստոնյաների հալածանքներն ու արտաքսումը նոր թափ են ստացել: Ահաբեկիչները շարունակաբար արմատախիլ են անում քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում̦ որը համարվում է քրիստոնեության բնօրրանը: Իսկ քաղաքակիրթ աշխարհը հայտարարություններից այն կողմ դեռևս ոչինչ չի ձեռնարկում: