Հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղն այսուհետև կզարդարի Շառլ Ազնավուրի հրապարակը: Ինչպես հայտնում է Tert.am-ը, հուլիսի 12-ին Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը:
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանում: 1942-45 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-54 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-88 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հեղինակել է բազմաթիվ սիրված ֆիլմեր՝ այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ: