Թեզը, որ Կովկասում Ադրբեջանը հանդիսանում է Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր թիրախը, վերջին շրջանում կրկին լայն շրջանառության մեջ է դրվել: Սրա հետ մեկտեղ միջազգային, ինչպես նաև ադրբեջանական մամուլը շարունակ ահազանգում է ԻՊ-ին միացող ադրբեջանցիների աճող թվի մասին, որոնք կարող են հետագայում վերադառնալ Ադրբեջան և սպառնալ սեփական պետության անվտանգությանը: Որո՞նք են ադրբեջանցիների ԻՊ-ին միանալու դրդապատճառները:
Այլ դրդապատճառների շարքում պետք է առանձնացնել հետևյալ հիմնականները:
Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն աստիճանաբար ավելի շատ ծայրահեղական տրամադրություններ են առաջացնում հասարակական շրջանակներում: Այնպիսի խոշոր միջազգային կառույցները, ինչպես օրինակ Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ`Human Right Watch-ը, Amnesty International-ը և Freedom House –ը շարունակ զեկուցում են Ադրբեջանում ազատությունից զրկված լրագրողների, քաղաքական ակտիվիստների, քաղ. հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպաների աճող թվի մասին:
Շարունակ բռնաճնշումների ենթարկվող բնակչության մոտ ծայրահեղական տարրերի ակտիվացումն ավելի հավանական է դառնում և հենց այս ծայրահեղ տարրերն են, որոնք առավել հակված են դառնում միանալու տարածաշրջանում տարբեր ծայրահեղական խմբավորումներին, այդ թվում ԻՊ-ին: Ծայրահեղական խմբավորումներին միացող ադրբեջանցիները, հետագայում վերադառնալով հայրենիք, սպառնում են անկայունություն ստեղծել երկրում:
Երկրորդ, Ադրբեջանի կառավարությունն իր ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակ փորձում է հակահայկական տրամադրություններ տարածել երկրում, որի արդյունքն է Ադրբեջանում տարեցտարի աճող հայատյացությունը: Սրա հետ մեկտեղ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում անցած 20 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը նույն հռետորաբանությամբ փորձել է համոզել սեփական հասարակությանը, որ «ամենազորեղ Ադրբեջանը» կարող է պատերազմ հայտարարել և մեկ օրում վերցնել ԼՂՀ-ն: Սակայն հակառակ նման հավակնոտ հռետորաբանության` Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ադրբեջանական հասարակությունն ականատես չի լինում որևէ առաջընթացի, բացի Ադրբեջանի աճող ռազմական բյուջեից:
Ծայրահեղական տրամադրություներին զուգահեռ Ադրբեջանում աճող հայատացությունը ստեղծում է վտանգ, որ այդ ծայրահեղական տրամադրությունները կարող են հետագայում ուղղվել հայերի դեմ և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում նոր սրացումների պատճառ դառնալ:
Բացի այդ, Ադրբեջանի կառավարության ջանքերը՝ սեփական հանրությանը ռազմական բյուջեի համար խնայողություններ կատարելու անհրաժեշտությամբ բացատրել այն պարադոքսը, թե ինչու է հասարակությունը ստիպված առերեսվել տնտեսական խնդիրների, երբ էներգետիկ եկամուտերը երկրում շարունակում են աճել, հասարակությանն էլ ավելի են ստիպում իրեն խափված զգալ:
Եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ Ադրբեջանի ներկայիս կառավարության ոչ հեռանկարային քաղաքականությունը`ամեն ինչ անել հասարակությանը «բռի մեջ պահելու» համար, «երջանիկ ավարտ» չի խոստանում հենց վարչակարգի համար: Եթե Ադրբեջանի կառավարությունը շաունակի նույն ոճով, ապա վաղ թե ուշ նա հայտվելու է այն նույն թակարդում, որը լարել է սեփական հանրության համար՝ ի դեմս երկրում աճող ծայրահեղական տրամադրությունների, որոնք կարող են ուղղվել հենց իշխանության դեմ՝ դուրս գալով նրանց տիրապետության սահմաններից: