Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումն ակնհայտ է

10:45     14 հուլիսի, 2015

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հուլիսի 15-ին Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին հարցերը, հայտնում է Sputnik News-ը: 

Կարասինի խոսքերով՝ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումն այսօր բոլորին է ակնհայտ: Երկու տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը կրկնակի աճել է և հասել է 850 մլն ԱՄՆ դոլարի: Միևնույն ժամանակ, վրացական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան աճել է ավելի քան հինգ անգամ, որը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ վերջ դրվեց գինու և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումներին: Նորացվել է համագործակցությունը միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում:  Վերականգնվել են նաև կանոնավոր չվերթները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է ասել, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում աստիճանաբար ավելի նկատելի է դառնում առաջընթացը: Հարց է առաջանում, իսկ ի՞նչն է մղում այս երկրներին վերսկսելու բարիդրացիական հարաբերությունները:

Կարելի է ասել, որ երկու երկրներն էլ այս քայլին դիմել են ազգային շահերից ելնելով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Վրաստանին: Երկիրը մտավոր դուրս է  եկել պատերազմից և հեղափոխական տրամադրությունից (ինչի մասին վկայում է Սահակաշվիլիի նկատմամբ ունեցած վրացիների արհամարհական վերաբերմունքը)՝ մտնելով հետհեղափոխական փուլ: Ուստի երկրում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ՝ գործազրկություն, գնաճ և աղքատություն: Վրացիներն անձամբ հասկանում են, որ այս խնդիրներն ավելի հեշտ կարող են լուծվել Ռուսաստանի հետ համագործակցելով, ռուսական շուկայում վրացական արտադրանքի հասանելիության և Վրաստանի միգրանտ աշխատողների թիվը ավելացնելու միջոցով:

Բացի տնտեսականից Վրաստանի և  Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման մեջ առկա է նաև քաղաքական գործոնը: Կարելի է ասել հյուսիսային հարևանի հետ ունեցած վիճաբանության ֆոնի վրա երկրում ուժեղացել է արտաքին այլ ուժերի ազդեցությունը, որը կարող է սպառնալ նաև երկրի ազգային անվտանգությանը: Այս առումով, եթե Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը Բաթումում՝ այն տարածելով նաև տեղական տնտեսության վրա, ապա Ադրբեջանը կարող է մեծացնել ազդեցության լծակները Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանի ադրբեջանական բնակչության վրա:  Արտաքին ազդեցությունների ուժեղացումը կարող է ազգամիջյան խնդիրներ առաջացնել երկրում՝ հիմք դառնալով նոր անկայունությունների համար: 

Բացի այդ, Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կարևոր է նաև Մոսկվայի համար, քանի որ չնայած նրան, որ Վրաստանը փոքր երկիր է, այն գտնվում է Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջանում: 

Կարելի է ասել, որ երկու երկրներն էլ գիտակցում են իրենց հարաբերությունների կարգավորման կարևորությունը, և այդ ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրում։ 


© armedia.am