Վերջին օրերին Արցախից ստացվում ենք անհանգստացնող լուրեր՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի հետ կապված: Մեկնաբանելով ներկայիս իրավիճակը՝ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշեց, որ անհանգստության պատճառ չկա: «Սահմանին որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Խախտումներն իրենց բնույթով նոր չեն: Դրանք այն նույն խախտումներն են, որոնք Ադրբեջանը կատարում է վերջին մեկուկես տարում»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Ադրբեջանական վերջին ակտիվությունը խոսնակը բացատրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցով՝ նշելով, որ «ադրբեջանական զինված ուժերը նման այցերին միշտ արձագանքել են հենց այսպես»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, որոնց ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանը սկսել և արդեն մի քանի օր շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը ԼՂՀ հետ սահմանի ողջ երկայնքով: Ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների՝ հուլիսի 21-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
Հայաստանի հասարակության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմն անգամ դիմում է ապատեղեկատվության տարածման: Նախօրերին ադրբեջանական ԶԼՄ-ները «տեղեկություն» էին տարածել, թե զորավարժությունների ժամանակ ականի վրա պայթել է ԼՂՀ ՊԲ 2 Т-72 տանկ: Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտն անմիջապես հերքել է այդ ապատեղեկատվությունը: