Ինչպես ներկայացրեց հանձնաժողովի Հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետ Անդրեյ Մուսայելյանը, «Թրղի-3» հէկ-ի դրվածքային հզորությունը կազմում է 5 մեգավատ, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 16,33 միլիոն կիլովատ/ժամ, իսկ ագրեգատների քանակը 2 է: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
Զեկուցողը նշեց, որ հանձնաժողովի կողմից դրական որոշումից հետո, Արցախում գործող փոքր հէկ-երի քանակը կհասնի 10-ի, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմելու է 34,8 մեգավատ, իսկ էկեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 179,649 մլն կիլովատ/ ժամ:
Էլեկտրաէներգիայի արտադրության նման ծավալները կբավարարեն ԼՂՀ ներքին պահանջարկի 93 տոկոսը:
Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, ըստ կանխատեսումների, «Թրղի-3»-ի և առաջիկայում նախատեսվող ևս մեկ փոքր հէկ-ի գործունեության լիցենզիայի տրամադրմամբ Արցախի բոլոր հէկ-րի հզորությունը հնարավորություն կընձեռի բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 100 տոկոսը: ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ 15 տարի ժամկետով:
Հանձնաժողովի մյուս որոշմամբ՝ բավարարվել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի՝ ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հայտը, ըստ որի, այդ ժամկետը երկարաձգվել է մինչև մինչև 2018 թվականի օգոստոսի 17-ը:
Այնուհետև, նիստի օրակարգի համաձայն, քննարկվել ու միաձայն որոշմամբ հաստատվել են «Օմեգա Գրուպ» ՍՊԸ-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 159,900ՄՀց ռադիոհաճախականությունը տրամադրելու հայտը, ինչպես նաև 103.0ՄՀց և 104.3ՄՀց հաճախականությամբ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթներ հայտարարելու մասին հարցը: