Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն օրերս հերքել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջեոնի այն պնդումն, ըստ որի ինքն է անձամբ որոշելու, թե երբ կարելի է Շոտլանդիայում անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել:
Ըստ բրիտանական Telegraph-ի՝ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած քվեարկությունը, որի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը կողմ են քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալուն, արդեն իսկ վճռորոշ է, և ցանկացած հերթական հարցում այդ թեմայով կգնահատվի որպես ոչ լեգիտիմ՝ համենայն դեպս մինչ 2020 թվականի ընտրությունները:
Բանն այն է, որ Նիկոլա Սթարջեոնը, ով Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդն է, հետևել է իր նախորդի՝ Ալեքս Սալմոնդի հայտարարությանն, ով պարզապես «անխուսափելի» էր համարել անկախության հարցով հերթական հանրաքվեի կազմակերպումը, հայտնում է շոտլանդական The Scotsman թերթը:
Սթարջեոնը հայտարարել էր, որ թարմ հարցման հեռանկարը կախված է միմիայն շոտլանդացի ժողովրդից, և որ ցանկացած ընտրություն կբխի երկրի «լավագույն շահերից»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին, երբ Շոտլանդիայում առաջին հանրաքվեն անց կացվեց, մասնակիցների մեծ մասը՝ 55% -ը կողմ էին քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, իսկ 45% - ն, ընդհակառակը, ցանկանում էին անկախանալ՝ լքելով Միացյալ Թագավորությունը:
«Անչափ կարևոր է, որ հանրաքվեն լինի արդար, օրինական և պատշաճ կերպով կազմակերպված: Մեր նախորդ հանրաքվեն լիովին համապատասխանում էր այս պահանջներին, և անհրաժեշտություն չկա մեկ ուրիշն անցկացնելու», - նշել է Դեյվիդ Քեմերոնը՝ BBC–ին տված իր հարցազրույցում:
Այսպիսով, ցանկացած նմանատիպ նախաձեռնության դեպքում անհրաժեշտ կլինի Մեծ Բրիտանիայի համաձայնությունը, քանի որ սահմանադրական հարցերը վերապահված են Վեսթմինսթերին: