Թուրքիայի կառավարությունը շարունակում է հարձակումները հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի ուղղությամբ: Միաժամանակ իշխանությունները մեղադրում են քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը PKK-ի հետ համագործակցելու մեջ: Հիշեցնենք, որ քրդական այս կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է ձայների 13%-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության օրենսդիրներին զրկի քրեական հետապնդման անձեռնմխելիությունից` ստիպելով նրանց «վճարել ահաբեկչական խմբերի հետ նրանց կապերի համար»: «Նրանք, ովքեր շահագործում են ժողովրդի և պետության հանդուրժողականությունը, հնարավորինս շուտ կստանան իրենց արժանի պատասխանը»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet-ը:
Միաժամանակ Թուրքիայի նախագահը պնդել է, որ դեմ է որևէ քաղաքական կուսակցության փակմանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գործունեությունը կարող է արգելվել:
Ի պատասխան` Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ կուսակցության պատգամավորները մտադիր են դիմել խորհրդարանին և հրաժարվել քրեական հետապնդման իրենց իրավական անձեռնմխելիությունից, հայտնում է Anadolu գործակալությունը: «Եթե չեք վախենում, եկեք բոլորս հրաժարվենք անձեռնմխելիությունից», - ասել է Դեմիրթաշը` դիմելով Արդարություն և զարգացում կուսակցությանը: Նա նաև ընդգծել է, որ միայն Թուրքիայի ընտրողները կարող են փակել իր կուսակցությունը, որն առաջին քրդական ուժն է, որ կարողացավ հաղթահարել ընտրական շեմը և 80 տեղ ստանալ խորհրդարանում. «Կուսակցությունները բացվում և փակվում են ժողովրդի կողմից»: Ինչպես նշում է Hurriyet-ը, Դեմիրթաշը նաև վիճարկել է կառավարության իրավասությունը կայացնելու որոշումներ, որոնք «երկիրը ներքաշում են պատերազմի մեջ»: