Եվրախորհրդարանը որոշում է ընդունել դիտորդական առաքելություն չուղարկել 2015 թվականին կայանալիք ադրբեջանական ընտրություններին: Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասվում է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար և ԵԽԽՎ-ում վերջինիս ղեկավարի տեղակալ Էլհան Սուլեյմանովի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին ուղղված նամակում:
«Եվրախորհրդարանը տարբեր սուբյեկտիվ և մտացածին պատճառներով որոշել է Ադրբեջանում 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն չուղարկել: Ավելին, Եվրոխորհրդարանն արգելել է պատգամավորներին հետևել ադրբեջանական ընտրություններին»,- ասվում է Սուլեյմանովի նամակում:
«Եվրախորհրդարանի անդամներն Արևելյան գործընկերության երկրների հետ իրավահավասար կողմեր են: Այս համատեքստում ադրբեջանական պատվիրակությունը բողոքում է Եվրախորհրդարանի քարտուղարության կողմից Քաղաքական հանձնաժողովի զեկույցի նախնական տարբերակի պատրաստման դեմ: Եթե այս բողոքը հաշվի չառնվի, ապա ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակից Քաղաքական հանձնաժողովի նիստերին, այդ թվում նաև՝ այդ զեկույցի քննարկմանը վեհաժողովում», -գրում է Սուլեյմանովը:
Նշենք, որ խոսքը Ընտրությունների համակարգման և ժողովրդավարության աջակցության հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբից Եվրախորհրդարանի նախագահին ուղղված երաշխավորությունների նամակի մասին է, որը բավականին բացասական արձագանքներ է պարունակում Ադրբեջանի մասին: Նամակում նաև կոչ է արվում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին դիտորդներ չուղարկել 2015 թվականին ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին: Իհարկե Ադրբեջանը շարունակում է համառաբար հերքել երկում առկա ավտորիտար համակարգը՝ ադրբեջանական քաղաքական համակարգի վերաբերյալ անկողմնակալ գնահատականները համարելով երկրի միջազգային իմիջին հարվածելուն ուղղված քաղաքական պատվեր:
Բաքվի կարծիքով այս նամակը չպետք է հաշվի առնվի նաև այն պատճառով, որ դրա զեկույցներից երկուսը կազմվել են Եվրախորհրդարանի քարտուղարության, իսկ մյուս երկուսը՝ Արևելյան գործընկերության քարտուղարության կողմից: «Եվրախորհրդարանի քարտուղարությունն իր վրա է վերցրել Քաղաքական հանձնաժողովի գործառույթները, ինչը պետք է գնահատվի որպես Արևելյան գործընկերության երկրների վրա ճնշում գործադրելու փորձ»,-համոզված է Բաքուն, որի դեմ «միջազգային հակաարշավ է սկսվել Եվրոպական խաղերի անցկացման պատճառով»: