Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2015 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամակաշրջանի համեմատ նվազել են կրկնակի:
«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտը կազմել է 3,9 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականի հուլիսի 1-ին այն կազմել էր 8,3 մլրդ դոլար:
Անցյալ տարվա առաջին կեսի ցուցանիշների համեմատ` Նավթի հիմնադրամի եկամուտները մանաթով նվազել են 33 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով` գրեթե 2,1 անգամ:
Caspian Barrel ընկերությունը հայտնել է, որ Ադրբեջանի նավթի հիմնադրամի եկամուտների նվազումը կապված է համաշխարհային շուկաներում նավթի գնի անկման հետ:
Ներկայում կանխատեսումներ են հնչում նավթի գների էլ ավելի նվազելու միտումի վերաբերյալ: Բացի այդ, այս տարվանից նվազել են նաև Ադրբեջանցի արտահանվող նավթի ծավալները, որոնք կապված են ինչպես նավթի գնանկման, այնպես էլ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:
Ադրբեջանի նավթի հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին: Այն հիմնադրվել է երկրի նավթային հարստությունից եկող եկամուտները մի տեղում հավաքելու և «սերունդների միջև արդար բաժանելու նպատակով»:
Սակայն, ինչպես հայտնի է, Ադրբեջանի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները: Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 53,09 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 47,78 դոլար, իսկ ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի մեկ բարելը` 55,52 դոլար:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 34,48 դոլարով ցածր է: