Սիրիան և Իրաքը պահանջում են Թուրքիայից հարգել իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դադարեցնել իրենց տարածքում Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով իրականացվող ռազմական գործողությունները: Նշենք̦, որ Թուրքիան աստիճանաբար ակտիվացնում է այս երկրներում ԻՊ-ի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող հարվածները:
Սիրիայի ԱԳՆ-ն սիրիացիների արյունահեղության համար մեղադրել է թուրքական կառավարությանը` համապատասխան նամակներ ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է̦ որ սիրիական ճգնաժամի ավելի քան 4 տարիների ընթացքում «Թուրքիան չի դադարել դավեր հյուսել հարևան երկրի դեմ»` աջակցելով Թուրքիայի տարածքով ավելի քան 100 երկրներից Սիրիա ներթափանցող ահաբեկիչներին:
Սիրիական ղեկավարությունը զգուշացրել է, որ մտադիր չէ ընդունել որպես ահաբեկչության զոհ ներկայանալու Թուրքիայի փորձերը: Սիրիան կասկածներ ունի Թուրքիայի մտադրությունների անկեղծության հարցում. «Արդյոք սրանք պատրվակ չե՞ն Սիրիայում և Իրաքում քրդերին հարվածելու համար, կամ գուցե այլ քողարկված ներքին նպատակներ են հետապնդում»:
Սիրիայի ԱԳՆ-ն նշում է, որ Թուրքիան իրավունք չունի օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից, որն իրավունք է տալիս պաշտպանել երկիրն ու ժողովրդին ահաբեկչությունից, քանի որ Թուրքիան իրականում հանդիսանում է ահաբեկչություն արտահանող երկիր:
Միաժամանակ Իրաքի խորհրդարանը դիմել է Թուրքիային` պահանջելով դադարեցնել իրաքյան տարածքների ռմբակոծումը: «Թուրքական օդուժի հարվածները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը` հանգեցնելով զոհերի տեղի բնակչության շրջանում», - ասվում է Իրաքի խորհրդարանի տարածած հաղորդագորթւյան մեջ: Ինչպես հայտնում է Rosbalt գործակալությունը, պատգամավորները նշել են, որ ռմբակոծությունների շարունակումը «կարող է բացասական ազդեցություն ունենալ Բաղդադի և Անկարայի հարաբերությունների վրա»: