Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ կողմից սահմանած պատժամիջոցներին: Այս մասին ասվում է «Ղրիմի և Սևաստոպոլի իրավիճակի հետ կապված սահմանափակող միջոցներին միանալու մասին» հռչակագրում: Եվրամիության կողմից երկարացված հակառուսական սանկցիաներին միացել է վեց երկիր: «Թեկնածու երկրներ Մոնտենեգրոն և Ալբանիան, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են այս հայտարարությանը»,- ասվում է հռչակագրում:
Եթե եվրոպական երկրների դեպքում հակառուսական պատժամիջոցներին միանալն ինչ որ կերպ կարելի է հասկանալ, ապա Վրաստանի պարագայում ծագում են մի շարք հարցեր: Հատկանշական է, որ մինչ այդ, չնայած ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ երկրներից հնչող տարաբնույթ կոչերին միանալ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին, Վրաստանի կառավարությանը հաջողվում էր խուսափել այս խնդրից: Այս տարվա ապրիլի 28-ին Չեխիա կատարած իր այցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անգամ հայտարարեց, որ Ռուսաստանի մեկուսացումը չի համարում Ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջոց և ընդգծեց, որ. «Ռուսաստանի օտարումը նրան ավելի ագրեսիվ, անկանխատեսելի և վտանգավոր կդարձնի»: Հարց է ծագում` ի՞նչ փոխվեց այս ամիսներին:
Հակառուսական սանկցիաներին միանալու Վրաստանի որոշման հիմքում հնարավոր է տեսնել հետևյալ հնարավոր դրդապատճառները: Նախ կարելի է ենթադրել, որ ԵՄ կողմից եղել է ճնշում: Ավելի քան մեկ տարի տևող հակառուսական պատժամիջոցները որևէ էական արդյունք չեն տվել, սակայն միևնույն ժամանակ այսօր խնդիր կա եվրոպական հանրությանը ցույց տալ, որ գործընթացը լճացած չէ: Տվյալ խնդրի լուծման լավագույն տարբերակը թերևս պատժամիջոցներին միացած երկրների ցանկի ընդլայնում է: Ամենայն հավանականությամբ Վրաստանը դարձել է հենց այդ երկրներից մեկը, և նա` որպես եվրաինտեգրման ուղով ընթացող երկիր, չէր կարող մերժել իր եվրոպացի գործընկերների խնդրանքը: Այս տեսանկյունից որպես լրացուցիչ դրդող գործոն է ծառայել Ուկրանիայի միացումը պատժամիջոցներին: Գաղտնի չէ, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջատարների միջև առկա է մրցակցություն և, բնական է, որ Վրաստանը չէր կարող թույլ տալ, որ Ուկրաինան Եվրոպային ավելի «նվիրված» երևա, քան ինքը:
Չենք կարող բացառել նաև, որ սահմանային ցուցանակների հետ կապված վերջին միջադեպերը ևս իրենց ազդեցությունն են ունեցել պաշտոնական Թբիլիսիի որոշման վրա:
Չնայած տարբեր դրդապատճառներին` վրացական իշխանությունները հստակ գիտակցում են, որ Ռուսաստանն այս ամենն անպատասխան չի թողի: Կրեմլում արդեն իսկ հիշեցրել են, որ պատժամիջոցների հարցում առաջնորդվում են փոխադարձության սկզբունքով, իսկ դա նշանակում է, որ Վրաստանին չի հաջողվի խուսափել պատասխան պատժամիջոցներից: Չնայած ռուս-վրացական տնտեսական կապերի ոչ բարձր մակարդակին, այնուամենայնիվ մի շարք տնտեսական էմբարգոների չեղարկումից հետո Վրաստանը հնարավորություն էր ստացել աստիճանաբար վերադառնալ ռուսական շուկա, ինչը դրական անդրադարձավ մեր հարևան երկրի տնտեսության վրա: Պատասխան պատժամիջոցների դեպքում վրացի արտադրողները կրկին կկորցնեն իրենց համար բավական կարևոր շուկա, ինչը չի կարող չազդել Վրաստանի տնտեսական ցուցանիշների վրա: