Սաուդյան Արաբիայի արևելյան Քաթիֆ նահանգում ոստիկանական ուժերի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 1 ոստիկան է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Ահաբեկչությունն իրականացնելու մեղադրանքով երկու կասկածյալներ ձերբակալվել են: Դեռևս հայտնի չէ, թե նրանք որ խմբավորմանն են պատկանում: Սակայն, ինչպես գրում է Newsru.co.il կայքը, ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են «Իսլամական պետության» զինյալները, որոնք թագավորության արևելյան շրջաններում պայքար են սկսել տեղի շիաների դեմ:
2015 թվականի մայիսին նրանք պայթեցրել են այս նույն նահանգում գտնվող իմամ Ալի Իբն Աբու Տալիբի մզկիթը: Պայթյունի հետևանքով 21 մարդ էր զոհվել, ավելի քան 100-ը` վիրավորվել էին: Թագավորությունում տեղի ունեցող այս ահաբեկչությունների ֆոնի վրա վերլուծաբանները գրում են, որ Սաուդյան Արաբիան, ինչպես և Թուրքիան, իր սեփական թակարդն է ընկել, նրանց կողմից ֆինանսավորվող ծայրահեղական խմբավորումները հիմա էլ նրանց դեմ են դուրս եկել:
Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիաներով, 2010 թվականի վերջից պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում: Հաճախակի բնույթ են ստացել նաև անվտանգության ուժերի և տեղի բնակչության միջև բախումները: Սաուդյան Արաբիայում շիաները կազմում են բնակչության գրեթե 10 տոկոսը: Շիական համայնքն այս արաբական միապետության սահմաններում լուրջ խտրականությունների է ենթարկվում: Նրանք իրավունք չունեն կրոնական արարողություններ անցկացնել, զրկված են պետական համակարգում մի շարք ղեկավար պաշտոններ ստանձնելու իրավունքից, չեն կարող ծառայել բանակում, անվտագության ծառայություններում և ոստիկանությունում: Երկրում պարբերաբար փակվում են շիական մզկիթները:
Մասնագետներն այս խտրականությունները դիտարկում են շիական Իրանի հանդեպ Սաուդյան Արաբիայի վախով: Միապետությունում կարծում են, որ շիական ելույթների ակտիվացման հետևում կանգնած է հենց Իրանը: Առհասարակ, շիաների խնդիրն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները պայմանավորող կարևորագույն գործոններից մեկն է: