Թուրքական Radical թերթի փոխանցմամբ Անկարայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող թուրքմենական ջոկատների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել: Ինչպես գրում է Postskriptum-ը̦ թուրքերը որոշել են «Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով» այս ջոկատներից 5000 հոգանոց միասնական բանակ ստեղծել՝ Հալեպում պատերազմելու համար:
Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են թուրքմենական ջոկատների 20 ներկայացուցիչներ: Ծրագիրը համակարգվելու է Թուրքիայի հետախուզական ծառայությունների (MIT) կողմից: Տեղեկության համաձայն այս «բանակի» առաջնային խնդիրն է լինելու «վերահսկողություն հաստատել Սիրիայի այն տարածքների նկատմամբ, որոնք բնակեցված են գերազանցապես թուրքմեններով»: Ենթադրվում է, որ «թուրքմենական բանակը» համալրվելու է Թուրքիայում ապրող և թուրքական բանակում ծառայող թուրքմեններով, որոնք պետք է համապատասխան վերապատրաստում անցնեն:
Ավելի վաղ թուրքական Today’s Zaman-ը հայտնել էր, որ Սիրիայի թուրքմենական համայնքը որոշել է համատեղ հրամանատարական մարմին ստեղծել, որը կրելու էր «Սուլթան Մուրադի ջոկատներ» անունը: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այս քայլի նպատակն է միավորել մասնատված թուրքմենական զինված ուժերին, որոնք ներկայումս Սիրիայում կռվում են «տարբեր ընդդիմադիր խմբավորումների կազմում»:
Նշենք, որ թուրքական կառավարությունը բազմիցս մեղադրվել է Սիրիայի թուրքմեններին զինամթերք և ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց Ասադի վարչակազմի դեմ որպես հերթական գործիք կիրառելու մեջ: Պաշտոնական Անկարան և թուրքմենական ուժերը հերքում են այն մեղադրանքները: