Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Կահիրեում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմական և տնտեսական կապերը զարգացնելու համար: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվել է, որ կողմերը մտադիր են նաև համատեղ աշխատանք տանել արաբական միացյալ զինված ուժեր ստեղծելու համար, հայտնում է Al-Jazeera-ն:
Ակնկալվում է, որ օգոստոսի 27-ին արաբական երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կհավաքվեն Կահիրեում՝ քննարկելու զինված ուժերի ստեղծման մեխանիզմները: «Երկու կողմերն ընդգծեցին տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խթանելու ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ արաբական միասնական բանակ ստեղծելու այս գաղափարը ծագել է 2015 թվականի մարտին, երբ Արաբական պետությունների լիգայի անդամները դիմեցին կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ միասնական զորքեր ստեղծելու խնդրանքով: Նշվում էր, որ միասնական զինված ուժերը կազմված են լինելու 40 հազար զինծառայողներից, ռազմական ինքնաթիռներից, նավերից և զրահատեխնիկայից: Միասնական ռազմական ուժերը կենտրոնանալու են «արագ միջամտության վրա ցանկացած արաբական երկրում, որի անվտանգությունը վտանգված կլինի կամ կբախվի ահաբեկչության սպառնալիքին»:
Միասնական ռազմական ուժեր ստեղծելու գաղափարն ամենևին էլ նոր չէ արաբական աշխարհում: Համատեղ ռազմածովային ուժեր ստեղծելու մտադրության մասին 2014 թվականի վերջին հայտարարեց Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որը ստեղծվել է 1981 թվականին և ընդգրկում է վեց արաբական միապետություններ` Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման: 2014 թվականին նաև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը գաղտնի բանակցություններ են վարում նոր դաշինք ստեղծելու համար, որի գլխավոր նպատակն է լինելու ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարը:
Ինչ վերաբերում է Եգիպտոս-Սաուդյան Արաբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ապա վերլուծաբանները նշում են, որ 2013 թվականին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո նրանց հարաբերությունները զգալիորն խորացել են: Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում Եգիպտոսին: Ի պատասխան՝ պաշտոնական Կահիրեն փորձում է քաղաքական և ռազմական օգնություն տրամադրել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային: